ՈՒՇԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ ՀՀ գործող իշխանությունները որեւէ ծրագիր են փորձում իրագործել ու հանդիպում են հասարակական դիմադրության, անմիջապես դիմում են տարաբնույթ հարցումների օգնությանը՝ այդպիսով փորձելով արդարացնել իրենց քայլերի տրամաբանությունը: 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենօրյա ակցիաներից կաշկանդված՝ ՀՀ կառավարությունը դարձյալ ապավինեց հարցումներին: «Քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը պատրաստ են մասնակցել նոր կենսաթոշակային համակարգին»,-այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ տեղեկացնելով, որ ԿԲ-ի նախաձեռնությամբ այդ խնդրի շուրջ հարցումներ են իրականացվել:
Մի կողմ թողնենք հարցումների մասին խոսելու բավականին սխալ ընտրված (ուշացած) ժամանակահատվածը, ուշադրություն դարձնենք ԿԲ փոխնախագահի ներկայացրած թվին, թե 50 տոկոսը կողմ է պարտադիր կուտակային համակարգին: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ մեր երկրում գործազրկության մակարդակը պաշտոնական տվյալներով տատանվում է 18-20 տոկոսի շրջանակներում (իսկ իրականում ավելի շատ է), ստացվում է, որ հասարակության զգալի մասը գործազուրկ է, հետեւաբար այնքան էլ հետաքրքրված չէ իր ապագա աշխատավարձից գանձվող պարտադիր վճարներով, քանի որ անհայտ է, թե երբ կունենա այդ աշխատանքը: Իսկ աշխատող քաղաքացիների մի ստվար հատվածն էլ տարաբնույթ ակցիաներով, համացանցով ու այլ միջոցներով հետեւողականորեն իր դժգոհությունն է հայտնում նախագծի պարտադիր բացադրիչի կապակցությամբ: Հետեւաբար թվերի լեզվով աճպարարությունների մեթոդն այս դեպքում, մեղմ ասած, անարդյունավետ է:
Հիշո՞ւմ եք, երբ Սերժ Սարգսյանը նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելու իր մտադրության դեմ բուռն արձագանք կա, դարձյալ հիշեցին հարցումների մասին ու, բնականաբար, ապավինեցին իրենց սիրելի «Գելլափ»-ին: Այս կազմակերպությունն էլ հայտարարեց, որ 1067 հոգու շրջանում անցկացված սոցիալական հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 64 տոկոսը դրական է վերաբերում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրությանը: Ընդ որում, այս հարցումներն էլ արվեցին պոստֆակտում՝ սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո՝ հոկտեմբերի 9-16-ին:
Այսպիսով՝ արդեն սովորական գործելաոճ է, երբ մեր երկրում սկզբում հասարակության համար ճակատագրական որոշումներ են կայացնում, ապա «հետին թվով» պսեւդոհարցումներ անցկացնում՝ իրենց արդարացնելու համար: Բայց մինչեւ ե՞րբ:




Լրահոս