Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին երեկ սկանդալային հայտարարություն է արել` ՀՀ իշխանություններին անուղղակի մեղադրելով ստախոսության մեջ: Բանն այն է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Իրանը ՀՀ-ին գազ է առաջարկում՝ սահմանին 1000 խորանարդ մետրը 400 դոլար գնով, որն ավելի թանկ է, քան ՌԴ-ից ներմուծվող գազը: Մինչդեռ երեկ Մ. Ռեյիսին ասել է, թե ՀՀ իշխանությունները երբեք Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ չեն վարել. «Մինչեւ հիմա ՀՀ-ի հետ, բացի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի մասին խոսակցությունից, մենք գազի գնման գնի մասին քննարկում չենք ունեցել»: Փաստորեն, ՀՀ-ն, ունենալով գազ ներմուծելու այլընտրանքային ուղի, չի օգտվում դրանից եւ շարունակում է գազը գնել ՌԴ-ից, անգամ երբ վերջինս հետեւողականորեն բարձրացնում է դրա սակագինը: Ավելին, այսպես ՀՀ իշխանությունները սպասարկում են ոչ թե սեփական երկրի, այլ ՌԴ-ի շահը` Հայաստանին շարունակելով պահել գազային կախվածության մեջ: Նկատենք, որ սա այս շաբաթվա ընթացքում ՀՀ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հերթական սկանդալային բացահայտումն էր, որի շուրջ որեւէ հոդաբաշխ պարզաբանում ՀՀ իշխանությունները դեռ չեն տվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ կատարած այցի ժամանակ խոսել էր նաեւ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Նա ասել էր, թե երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 20 տոկոսով` դառնալով 1.2 մլրդ դոլար, իսկ ռուսական ներդրումները ՀՀ-ում հասել են 3 մլրդ դոլարի: Ուշագրավն այն է, որ Վլ. Պուտինն իր խոսքում նրբանկատորեն շրջանցել է ՀՀ-ում ռուսական ներդրումների ծավալների փոփոխության փաստը. բանն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին հետեւողականորեն նվազել են օտարերկրյա, այդ թվում` ռուսական ներդրումները. միայն 2013թ. հունվար-սեպտեմբերին ՌԴ ներդրումները նվազել են 20.7 տոկոսով, իսկ 2012թ.` 73.9 տոկոսով: Նշենք նաեւ, որ ՌԴ տնտեսագիտական շրջանակները պնդում են, թե Ռուսաստանի պետական բյուջեի ճեղքվածքը մինչեւ 2020թ. կկազմի 10 տրիլիոն ռուբլի:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ ԱԺ նիստում տեղի ունեցած վիճաբանությանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը հանդիմանել է Շարմազանովին իր պահվածքի համար ու հույս հայտնել, որ հաջորդ անգամ նման բան չի կրկնվի: Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանին դուր չի եկել այն փաստը, որ երբ Շարմազանովը Փաշինյանի վրա մատ է թափ տվել ու դիմել «արա»-ով, ինչին Փաշինյանը հակադարձել է «արան դու ես ու շեֆդ ա», դրանից հետո Շարմազանովը չի կանգնել «շեֆի թիկունքին»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Էդ. Շարմազանովը հերքեց այս լուրը` ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում. «Ս. Սարգսյանը մշտապես դրական է գնահատել ԱԺ ՀՀԿ խմբակցության աշխատանքները եւ մասնավորապես այս քառօրյայի ընթացքում»:
Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել: Հոկտեմբեր ամսին «Սաս գրուպ»-ի տնօրեն Սամվել Գզրարյանը Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել: ՊԵԿ-ի բացահայտումից հետո «Սաս գրուպ»-ը տուգանվել է 50.000 դրամի չափով: «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՍՊԸ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանից, սակայն նա ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում հեռախոսազանգերին: Նշենք, որ սա Արտակ Սարգսյանին պատկանող ՍՊԸ-ի իրականացրած միակ խախտումը չէ: Առաջիկայում կանդրադառնանք նաեւ մյուսներին: