ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

ՀՀ-ում գնաճը ոչ միայն չի նահանջում, այլեւ նոր թափ է ստացել: Միայն այս տարվա 11 ամիսների ընթացքում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 17.6 տոկոս. երեկ այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն: Ամենամեծ գնաճը գրանցվել է պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում` 6 տոկոս: Համեմատության համար նշենք, որ միջին ամսական աշխատավարձն այս ամիսներին աճել է ընդամենը 4.3 տոկոսով, ասել է թե` գնաճն այսօր ավելի բարձր է, քան աշխատավարձերի աճը: Մինչդեռ, ինչպես հիշում ենք, Սերժ Սարգսյանը կառավարության առաջ հակառակ խնդիր էր դրել` աշխատավարձերի աճը պետք է գերազանցեր գնաճի մակարդակը: Ու հիմա հերթական անգամ ապացուցվեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ի վիճակի չէ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները:

 

 

ԼՈՒՐՋ ԶՐՈՒՅՑ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստան մեկնելուց առաջ լուրջ խոսակցություն է ունեցել իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Աբրահամյանը Ծառուկյանին հորդորել է թուլացնել ՀՀԿ-ի եւ կառավարության հասցեին քննադատությունները, առավել եւս, որ դրանք որեւէ արդյունք չեն տալիս: Սակայն այս ամենը դուր չի եկել Գ. Ծառուկյանին, որն առարկել է ու ասել, որ նման քայլի չեն գնա: Արդյունքում խնամիները բաժանվել են միմյանցից մի թեթեւ նեղացած: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, որը, սակայն, ասաց. «Տեղեկությունն իրականության հետ որեւէ առնչություն չունի»:

 

 

208 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկար տարիներ (երբ դեռ նախարար չէր) աշխատել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի վրա: Սակայն համակարգն այդպես էլ չի կայանում. գրված էլեկտրոնային ծրագրերը բավական դժվար են կյանքի կոչվում: Այնինչ էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի վրա ՀՀ պետբյուջեի միջոցներից ահռելի գումարներ են ծախսվել` 84,5 միլիոն դրամ: «Այսօր կարող ենք փաստել, որ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը կայացել է, իսկ համակարգի կատարելագործումը կրում է շարունակական բնույթ… Ըստ այդմ, անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կախված են վերը նշված խնդիրների ծավալից (բովանդակությունից), եւ այս պահին հնարավոր չէ հաշվարկել»,-նշված է նախարարության՝ համակարգի արդյունավետության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանում: Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս ՀՀ պետբյուջեից մոտ 208 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել մի համակարգի ներդրման համար, որի արդյունավետությունն այդպես էլ թոշակառուների համար տեսանելի չի դառնում:




Լրահոս