ՀՀԿ-Ի «ԴԱՍԵՐԸ», ԲՀԿ-Ի «ԻՆՏՐԻԳԸ» ԵՎ ՀՅԴ-Ի ՍԴ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան այս նստաշրջանի վերջին ճեպազրույցները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կարեւորեց այն իրողությունը, որ իրենց հաջողվեց, ի հակառակ ԱԺ մեծամասնության, քննարկում կազմակերպել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձեց ճեպազրույցի ընթացքում «դաստիարակչական» աշխատանքներ իրականացնել «հանուն» լրագրողների, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ խորհուրդ տվեցին «ինտրիգներ» չփնտրել ԲՀԿ-ի շուրջ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ոչ իշխանական ուժերի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցի քննարկումն ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնելն աննախադեպ էր. «Սրանով ցույց տվեցինք, որ դժգոհության ալիք կա, եւ անկախ մեծամասնության ցանկությունից՝ այն պետք է քննարկման առիթ դառնա խորհրդարանում: Բայց մենք պարտադրեցինք, որ լսեն մեզ, եւ դուք էլ տեսաք, որ հակափաստարկ չկար: Այլ խնդիր է, որ մեծամասնությունը ՀՀ կառավարության համառությունը փորձում է առաջ մղել՝ առանց հաշվի առնելու, որ նման ռեֆորմները ոչ միայն պետք է հասարակական լայն ընկալում, այլ կոնսենսուս ունենան, եթե չկա, ուրեմն անհաջողության են մատնված»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ավարտին կհասցվի Սահմանադրական դատարան դիմելու համար փաստաթղթային փաթեթի ձեւավորումը, եւ նշեց, որ ՄԻՊ-ն էլ առանձին մասնակցություն կունենա ՍԴ-դիմելու գործընթացին. «Մենք մտնելու ենք, անկախ նրանից՝ ՄԻՊ-ը կմտնի, թե ոչ»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցի մեծ մասը «նվիրեց» լրագրողներին «դաս» տալուն: Նա մոռացել էր, որ ինքն ԱԺ պատգամավոր է, ու բացատրում էր, թե ինչպես պետք է աշխատեն լրագրողները: Այնուհետեւ, անդրադառնալով 2014թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, նշեց. «Չեմ կարծում, որ պարտադիր բաղադրիչը մեկ տարի հետաձգելով՝ լռություն է տիրելու: Հետո էլ ասելու են՝ վեց ամսով հետաձգե՛ք, մենք դա անողը չենք, դա բացառվում է, համակարգը գործարկվելու է հունվարի 1-ից»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանը պատրաստվում է «լքել» ԲՀԿ-ն, նշեց. «Վարդան Օսկանյանը ԲՀԿ ակտիվ անդամ է, եւ դրանք հերթական ասեկոսեներ եւ ինտրիգներ փնտրելու փորձեր են: Խնդրում եմ սենսացիաներ փնտրել այլ տեղերում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս