Քանի՞ ստորագրություն է հավաքվել Տիգրան Սարգսյանի դեմ ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, «Ամերիկայի հայկական ֆորումը» նախաձեռնեց ստորագրահավաք՝ Սարգսյանին դեսպան նշանակելու դեմ:

Ո՞րն է նպատակը, ի՞նչ խնդիր են լուծում այդ քայլով: 

Այս առնչությամբ armlur.am-ը զրուցեց ֆորումի խոսնակ Գևորգ Արյանի հետ:

– Ֆորումն ինչո՞ւ նախաձեռնեց Տիգրան Սարգսյանի նշանակման դեմ ակցիան:

– Եթե մի անձնավորություն թաթախված է սկանդալային օֆշորային հարցերի մեջ, դատավարությունը դեռ չփակված մարդը դառնում է դեսպան, արդյոք այդ հարցը չպե՞տք է քննարկվի: Արդյոք հայերի արժանապատվությունը չի՞ նսեմացվում, երբ այդպիսի անհատ դառնում է, ոչ ավել ոչ պակաս, աշխարհի առաջին գերտերությունում հայերի շահերը ներկայացնող դեսպան:

Ձեր հայտարարությունն ի՞նչ արձագանք է գտել Ամերիկայի հայկական կազմակերպություններում և հայ համայնքում:

– Համայնքը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, ստորագրահավաքներ եղան և՛ կազմակերպությունների, և՛ անհատների կողմից:

– Տեղյա՞կ եք, որ ձեր նախաձեռնած ստորագրահավաքը ադրբեջանցիներն օգտագործում են մեր երկրի դեմ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

– Նաև նշվում է, թե իբրև ստորագրահավաքին մասնակցում են ադրբեջանցիներ: Թող բարի լինեն և ստուգեն, թե ստորագրահավաքին քանի ադրբեջանական ազգանուն կա: Նման բան չկա:

– ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ է ստացել այն մասին, որ իրեն շնորհակալություն են հայտնում ֆորումի նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցելու համար: Դո՞ւք եք այդ նամակի հեղինակը, և արդյոք Աշոտյանն իսկապե՞ս մասնակցել է այդ ստորագրահավաքին ու ինչպե՞ս:

– Դա ապատեղեկություն է: Չի եղել նման բան: Մենք նման նամակ չենք ուղարկել:

– Կարո՞ղ ենք կարծել, որ ստորագրահավաքն Ամերիկայում լայն թափով ընթանում է: Ձեզ միացե՞լ են այլ կազմակերպություններ՝ բացի անհատներից:

– Լայն թափով շարունակվում է: Մի քանի օր է, ինչ մեկնարկել է, և արդեն այդքան ստորագրություն է հավաքվել:

Եթե Հայաստանի քաղաքացիները դժգոհ չլինեին, չեմ կարծում, թե այդքան ստորագրություն կլիներ: Այս պահին հավաքվել է 2340 ստորագրություն: Եթե Սարկոզիին դատի են տալիս, ինչ մի զարմանալու բան է, որ ուզում են կասեցնել մաֆիայի հաշվապահի՝ որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակումը, ով թաթախված է օֆշորային մութ սկանդալներում, էլ չասենք «Նաիրիտի» մասին:

– Կոնկրետ կասե՞ք, թե որ կուսակցություններից և անհատներից ունեք արձագանք:

– Արդեն կան բավականին շատ կազմակերպություններ, կուսակցություններ: Շատերին փորձում են շանտաժի ենթարկել: Օրինակ՝ Լոս Անջելեսի «Գեոպոլիտիկալ» ակումբը, միացել են «Ռենեսանս» կազմակերպությունից:

– Դուք վստա՞հ եք, որ հասնելու եք Տիգրան Սարգսյանի հեռացմանը:

– Ավելի լավ կլիներ, որ այդ հարցը Տիգրան Սարգսյանին տայիք: Ինքը վստա՞հ է, որ կարող է այդ պաշտոնին նստել:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր ֆորումը:

– Ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն իր կամքով կարող է համաձայն լինել և մասնակցել մեր ֆորումին, բայց կարող են մեկ այլ հարցի հետ համաձայն չլինել և չմասնակցել: Այսինքն՝ ազատ կամքն է հիմքում դրված մեր միավորման:

Զրուցեց Դավիթ Վանեսյանը




Լրահոս