ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՂՈՒՄԱՐ»

«Այս իշխանությունը պատրաստ է տալ բացառապես ամեն ինչ` իր աթոռը պահելու համար»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով «Հայռուսգազարդ» ընկերության՝ հայկական կողմին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը գազի գնի պարտքի դիմաց ՌԴ-ին տալու որոշմանը: Ըստ Մանուկյանի` իշխանությունները պետությանը պատկանող գույքը հանձնել են ոչ թե հաշվի առնելով դրա իրական արժեքը, այլ գնահատելով պարտքի չափը. «Ղումար խաղալիս, երբ նեղն ընկած ժամանակ 100 դոլարանոց ժամացույցն ուզում են խաղադրույքի դնել, մրցակիցն ասում է՝ ես դա 5 դոլար եմ գնահատում: Սա էլ նույն դեպքն է»: Պատգամավորը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2008-ից հետո Հայաստանում գազի գինը հինգ անգամ փոփոխվել է, բայց դրա մասին հանրությունն ընդամենը մեկ անգամ է տեղեկացվել:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Սյունիքի մարզպետարանը Գորիսի Վանքի տափ թաղամասի ճանապարհի ասֆալտապատման համար ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ստացված 14 մլն 852 հազար դրամը նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրով հատկացրել է «Ոսմար» ՍՊԸ-ին: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Ոսմար» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Անահիտ Մարտիրոսյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Այլ կերպ ասած՝ Գորիսում ասֆալտապատման իրավունքը տրվել է քաղաքապետին պատկանող ընկերությանը: «Այս տարվա փետրվարի 7-ին կառավարության մեկ այլ որոշմամբ 34 մլն դրամ նույնպես հատկացվեց Վանքի տափ թաղամասի ասֆալտապատման համար: Դրանք իրականացվեցին գարնանը եւ ձգվեցին մինչեւ հուլիսի 1-ը: Իսկ այս անգամ համարյա 15 մլն դրամ հատկացվեց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ նշված թաղամասում դեռ 140 մլն դրամի չափով ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ կան անելու: «Եթե հատկացումներ լինեն, ապա ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն: Քիչ-քիչ անում ենք»,-լրացրեց մեր զրուցակիցը: Իհարկե, նորմալ է, որ պետբյուջեից գումար հատկացվի ասֆալտապատման համար, սակայն, մեղմ ասած, հարցահարույց է, երբ կապալառուն դառնում է այն ընկերությունը, որի հիմնադիրը Գորիսի քաղաքապետն է:

 

 

ԵՐԿԱԿԻ ԽԱՂ

Ադրբեջանում Վլ. Պուտինի վերջին այցն անհանգստության ալիք է բարձրացրել: «Հունվարին եւ փետրվարին առաջին գծում մենք պետք է չափազանց զգույշ լինենք: Հնարավոր է, որ առաջին գծում տեղական բախումներ լինեն: Ռուսաստանը շարունակում է երկակի խաղ խաղալ»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեյիր Քաֆարովը: Իսկ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն էլ հայտարարել է. «Այս այցով եւ Հայաստանում ռուսական ռազմաբազան մեծացնելով՝ Ռուսաստանը ռազմական մրցապայքար է ստեղծում տարածաշրջանում եւ մյուսներին ստիպում է մասնակցել դրան»:




Լրահոս