ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ ՉԻ ԼԻՆԻ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեւդեւը երեկ հայտարարել է, թե ԱՊՀ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմ չի սահմանվելու, սակայն մուտքը Ռուսաստան կթույլատրվի միայն արտասահմանյան անձնագրերով եւ պարտադիր առողջապահական ապահովագրությամբ: Մեդվեդեւը նաեւ կարեւորել է ներգաղթողների ռուսերենին տիրապետելը՝ նշելով, որ օրինախախտները պետք է կա՛մ վտարվեն երկրից, կա՛մ էլ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ անօրինական միգրանտներին աշխատանք տվողները եւ նրանց բնակարաններ հատկացնողները:
«Այս ամենը, սակայն, հիմք չի կարող հանդիսանալ ազգայնականության ալիք բարձրացնելու համար: Դա ընդհանրապես վատ է, անբարոյական է, իսկ մեր երկրի պայմաններում դա նաեւ կործանարար է»,-ասել է Մեդվեդեւը: Իսկ ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին էլ երեկ հայտարարել է, թե Ռուսաստանին տարեկան երեք հարյուր հազար միգրանտ է անհրաժեշտ, քանի որ երկրում բնական աճի խնդիր կա:
ՄԱՆԴԵԼԱՆԱՆՄԱՀ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զումային՝ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: «Նելսոն Մանդելայի գաղափարներն ու անցած ճանապարհը, անշուշտ, ոգեշնչելու եւ ուղենիշ են լինելու բազմաթիվ սերունդների համար, քանզի նրա որդեգրած արժեքներն ու կենսափիլիսոփայությունն անսպառ են ու մշտակայուն: Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին: Դժվար է ցավակցության խոսքեր ասել, քանզի Մանդելա անունն անմահ է»,-ասված է հեռագրում:
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգեւատրել ռուս ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին: Նա երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգեւը՝ նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար: Իսկ ՀՀ շարքային քաղաքացիներն էլ, մեղմ ասած, տարակուսած են Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ բարձրագույն պարգեւները նման ձեւով աջ ու ձախ շռայլելու համար: Ի վերջո, շնորհալի լրագրողին՝ հայաստանցիների համար անհայտ արժանիքների դիմաց պարգեւատրելուց առաջ Ս. Սարգսյանը լավ կաներ՝ մտածեր բազմաթիվ հայ արժանավոր գործիչների մասին: Թեպետ դա էլ հարց է՝ արդյոք այդ գործիչները կցանկանան Ս. Սարգսյանի ձեռքից պարգեւ ընդունել: