Armenian text to speach

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե Իլհամ Ալիեւի հետ իր վերջին հանդիպման մանրամասները Սերժ Սարգսյանը ներկայացրեց մշակույթի նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, ապա բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակիցներին երեկ բախտ էր վիճակվել «առաջին ձեռքից» լսել Պուտինի` Հայաստան կատարած այցի ու Մաքսային միությանն անդամակցելու մանրամասները:

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը երեկ ԲՆ-ում նախ արդարացավ, թե ինչու են գաղտնի պահվում ՄՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Նա ընդգծեց, որ ե՛ւ հայ-ռուսական հարաբերություններում, ե՛ւ Մաքսային միության հետ կապված՝ դրական տեղաշարժեր ու լավ հնարավորություններ է տեսնում, այնուհետեւ հավելեց` ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են ԱԺ, եւ այնտեղ պայմանագրերը պետք է վավերացվեն: «Իհարկե, Մաքսայիին միության մասով դեռեւս կխոսեմ եւ հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետեւ մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների եւ հնարավորությունների մասին խոսել»,-ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով,-աշխարհում չկա որեւէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ»:
Բանակցությունների ընթացքի գաղտնիության անհրաժեշտության մասին Ս. Սարգսյանի պնդումների հետ, թերեւս, չի կարելի չհամաձայնել: Սակայն կյանքը ցույց է տվել, որ մինչեւ հիմա Ս. Սարգսյանի վարած գաղտնի բանակցություններն անփառունակ վախճան են ունեցել, եւ ամեն անգամ դրա արդյունքում Հայաստանը կորցրել է ինչ-որ բան:
Հիշենք թեկուզ հայ-թուրքական արձանագրությունների «գիշերային որոշումը», երբ հանկարծ պարզվեց, որ ՀՀ-ն համաձայնել է նախաստորագրել մի տեքստ, որտեղ ամրագրված են Ցեղասպանության վերաբերյալ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, ասել է թե` Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու եւ մի շարք այլ` ՀՀ շահերից չբխող դրույթներ: Իսկ արձանագրությունների նախաստորագրումից հետո, երբ Թուրքիան վերսկսեց ԼՂ խնդրի վերաբերյալ նախապայմաններ առաջ քաշել, Ս. Սարգսյանը հայտնվեց խաբվածի կարգավիճակում:
Սերժ Սարգսյանը 3.5 տարի շարունակ գաղտնի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի շուրջ, բայց մեկ օրում փոխեց իր դիրքորոշումն ու որոշեց թեքվել դեպի Ռուսաստան` հայտարարելով ՄՄ-ին միանալու մասին: Եթե հավատանք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներին, որ Հայաստանին որեւէ մեկը, այդ թվում` ՌԴ իշխանությունը, չի ճնշել ՄՄ-ին միանալու հարցում, ուրեմն ինչ-որ բան այն չէր գրված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրում: Իսկ եթե ինչ-որ բան այնտեղ այն չէր, նշանակում է` Ս. Սարգսյանին կրկին խաբել են. նա տանուլ է տվել հերթական քաղաքական մեծ խաղը: Այսքանից հետո չկա որեւէ երաշխիք, որ նույն ճակատագրին չեն արժանանա նաեւ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ գաղտնի բանակցությունները: Առավել եւս, որ շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչպես կարող է ՀՀ-ն մաս կազմել մաքսային միավորման, եթե դրա կազմում գտնվող երկրների հետ չունի ցամաքային սահման, եթե հայտնի չէ, թե ինչ է ընդհանրապես իրենից ներկայացնում ՄՄ-ն:
Երեկ ԲՆ-ում Ս. Սարգսյանը խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ այցի մասին` ասելով, որ այն հաստատել է երկու պետությունների ռազմավարական հարաբերությունների բնույթը. «Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում եւ շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի` ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության եւ այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, եւ հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում եւս շատ մեծ հնարավորություններ են բացվում»:
Այս «ձեռքբերումների» համատեքստում Ս. Սարգսյանը երեկ մոռացել է խոսել ՀՀ իշխանությունների ամենակարեւոր «նվաճման» մասին. նա չի անդրադարձել 155 մլն դոլար պարտքի դիմաց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական մասնաբաժինը ռուսներին տալու որոշմանը: Այնինչ տրամաբանությունը հուշում է, որ իրեն երկրի ղեկավար համարողը պետք է սպառիչ բացատրություններ տար նաեւ այս կարեւորագույն հարցի վերաբերյալ: Ավելին, այդ այցից հետո պարզվեց, որ ՀՀ-ն «Հայռուսգազարդ»-ին պարտք է 300 մլն դոլար, որը կուտակվել է այս տարիներին գազի սակագնի բարձրացման հետեւանքով, միայն թե այդ փաստն իշխանությունները խնամքով թաքցրել են: Եվ այսօր պարտքի մի մասի դիմաց ռուսական կողմին են զիջում պետական սեփականությունը (մյուսները` «Նաիրիտ» գործարանը, Որոտանի հէկ-ը, հերթի մեջ են): Ս. Սարգսյանը լռել է նաեւ այս փաստի մասին: Երեւի այն պատճառով, որ աշխարհում բանակցությունների մանրամասները չեն քննարկվում հասարակության բոլոր խավերի հետ: Ու ինքն այդ մասին կխոսի ՀՀ պետական ունեցվածքի վերջին մնացորդները ՌԴ-ին հանձնելուց հետո միայն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս