ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսկապես, ոստիկանությունն այսօր վերափոխվում է, փոփոխություններն ակնհայտ են, արդյունքները նույնպես տեսանելի են, բայց նաեւ կա աշխատանք, որը պետք է կատարենք»:

Արթուր Բաղդասարյան
Այն, որ ոստիկանությունը վերափոխվում է, իսկապես ակնհայտ է, որովհետեւ նախկինում մեր ոստիկանությունը նման պրոֆեսիոնալ ձեւով չէր իրականացնում որոշ օպերացիաներ: Բայց կան մարդիկ, որոնք երբ խոսում են դրական տեղաշարժերից, ակնհայտորեն մտածում ենք վատի մասին՝ փնտրելով, թե որտեղ է թաղված շան գլուխը: Իհարկե, ոստիկանները հիմա էլ են բռնություն գործադրում, օրենք խախտում, սակայն արդեն երբեմն ցուցադրական «պատիժներ» են լինում, տույժեր, պաշտոնանկություններ, երբեմն էլ կոծկվում են խախտումները, ինչպես առաջ: Եվս մի փոփոխություն՝ ԱԽՔ-ն է խոսում ոստիկանության մասին:
«Ես տեղյակ չէի, որ Հայաստանը պարտք ունի Ռուսաստանին գազի դիմաց, եւ այդ իսկ պատճառով է 20 տոկոսի բաժնեմասը հանձնվել: Մենք որեւէ պարտք չունեինք, այդ 20 տոկոսը տվեցինք, որ 270-ի փոխարեն 189 դոլար տային, իսկ պարտքեր մենք չունեինք»:

Գալուստ Սահակյան
Եթե մարդը նույն խոսքում հակասում ու հերքում է ինքն իրեն, նշանակում է, որ նա տվյալ թեմայից ընդհանրապես անտեղյակ է: Նա փաստորեն չգիտեր, որ Հայաստանը պարտք ունի Ռուսաստանին գազի դիմաց, եւ չիմանալով հանդերձ՝ այսքան տարի պատգամավոր է եղել եւ կա, զբաղեցնում է իշխող կուսակցության փոխնախագահի, ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը: Ստացվում է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ով ընդամենը տեղյակ է, որ մենք Ռուսաստանին գազի դիմաց պարտք ունեինք, կարող է հանգիստ, օրինակ, վարչապետ աշխատել, բայց դե Գրիգորիչի նման «մտքի ռահվիրա» լինելը, ամեն դեպքում, դժվար է:

«Որեւէ մեկը որեւէ բան (պարտքի չափը) չի թաքցրել, բանակցություններ են ընթացել, իսկ կառավարությունը միշտ ասել է, որ գալու է պահը, ու հայտարարելու են: 150 միլիոն դոլար պարտքի դիմաց, որը խոստացել է փակել ռուսական կողմը, Հայաստանը որեւէ պարտավորություն չունի»:

Արմեն Մովսիսյան
ՀՀԿ-ում, պարզվում է, մեկը մյուսից անտեղյակ են, բայց գրեթե բոլոր անտեղյակները լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Ու ողբերգությունն այն է, որ չեն էլ կարողանում գոնե նախօրոք պայմանավորվել, որ միմյանց խոսքերն իրար չհակասեն: Մեկն ասում է, թե պարտք չունենք, մյուսը, որ էներգետիկայի նախարարն է, ասում է՝ ունենք, նաեւ պահը բաց չի թողնում հերթական անգամ արդարացնելու կառավարության «թափանցիկ» գործելաոճը: Ինչպես միշտ, ՀՀ կառավարությունն ամեն ինչ ինքն իրենով որոշում է, անում, նոր վերջում հայտարարում, որ այս ամբողջ ընթացքում բանակցել են: Լավ, ամոթ չի՞:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս