ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «բանդայի» գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին տեղափոխել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ այդ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին բերել են Կենտրոնի դատարան եւ նշանակել «բանդայի» գործով դատավոր: Երեկ «Ժողովուրդ»-ը Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը: «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քննարկելով առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման հարցը, որոշել է եւ հանրապետության նախագահին է ներկայացրել՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր նշանակել Մխիթար Պապոյանին` դադարեցնելով նրա՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,-ասաց նա: Սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու փոխեցին «բանդայի» գործով դատավորին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «բանդայի» գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի կինը՝ Մարինա Գեորգաձեն, ասաց, թե այստեղ մի բան այն չէ. «Մխիթար Պապոյանը շատ գործնական դատավոր էր: Ամեն դեպքում հուսով եմ, որ հետագա դատերը նորմալ կանցնեն, եւ իմ ամուսինը կարդարացվի»:

 

 

ՉԻ ՎՃԱՐԵԼՈՒ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացրած 110 քաղաքացու ոստիկանները բերման էին ենթարկել: Նրանց թվում էր նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասարյանն ասաց, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-1 հոդվածի 15-րդ կետով: «Այն ենթադրում է վարչական պատասխանատվություն 50.000-ից 100.000 դրամի չափով, բայց ես չեմ ընդունում մեղադրանքս ու 1 դրամ էլ չեմ տալու»,-ասաց նա:




Լրահոս