25 ՏԱՐԻ ԱՆՑ՝ 4500 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվականը բեկում մտցրեց Շիրակի մարզի տարեգրության մեջ` ժամանակը բաժանելով նախաերկրաշարժյան եւ հետերկրաշարժյան փուլերի: Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ուժգնությունը 10 բալ էր, տեւողությունը՝ 4.7 վայրկյան: Արդյունքում ավերվեց 324 գյուղ, 21 քաղաք ու ավան: Մոխրակույտի վերածվեց իր մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքը՝ Գյումրին, մասնակի ավերվեց Վանաձորը, եւ հիմնովին հողին հավասարվեց Սպիտակ քաղաքը: Հանրապետության՝ երկրաշարժից տուժած հատվածը ստացավ «աղետի գոտի» անվանումը, որը, չնայած իշխանությունների՝ տարբեր տարիներին տրված բազմաթիվ խոստումներին, այդպես էլ բովանդակային փոփոխություն չկրեց: Եվ այսօր՝ երկրաշարժից 25 տարի անց, այն շարունակում է մնալ աղետի գոտի. բավական է նշել, որ միայն Գյումրիում դեռեւս 4500 ընտանիք փաստացի անօթեւան է:

Ավերիչ երկրաշարժը պաշտոնական տվյալներով խլեց 25.000 մարդու կյանք (թեեւ այս թիվը շատերն են վիճարկում), հաշմանդամ դարձրեց 19.000 հոգու: Իսկ աղետի գոտու 530.000 բնակիչ մնաց անօթեւան: Աղետից քառորդ դար է անցել, բայց հազարավոր մարդիկ, մասնավորապես Գյումրիում, դեռ կարոտ են տարրական կենսապայմանների. անօթեւաններն այստեղ 2 խմբի են բաժանվում՝ մինչեւ 2008թ. հերթացուցակներում հաշվառվածներ եւ հերթացուցակներից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացածներ: Հաշվառված 4270 ընտանիքից 2785-ը 2010-2012թթ. ստացան բնակարաններ, իսկ 429-ին խոստացել են բնակարաններ կառուցել հաջորդ տարի: Սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստեց Գյումրիում բնակարանների հանձնման հարցերով զբաղվող «Շիրակկենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, նախատեսված այդ բնակարանների դեռ հիմքերն էլ փորված չեն: «Տուժած Գյումրիում մեծ թիվ են կազմում բնակարաններ ստանալու հերթացուցակներում չհաշվառվածները, նրանք 25-րդ տարին է, ինչ ապրում են փայտե վագոններում, հանրակացարաններում: Շուրջ 3500 ընտանիքի նկատմամբ պետությունը պատասխանատվություն չի կրում»,-նշեց Վ. Թումասյանը:
Նրա խոսքով՝ տուժածներից ժամանակին 20 անուն փաստաթուղթ են պահանջել՝ հավաստիանալու համար, որ նրանք շահառու են: Տարբեր պատճառներով մարդիկ չեն կարողացել ամբողջացնել փաստաթղթերը, ինչի արդյունքում շատերը դուրս են մնացել շահառուների ցուցակից: Եվ այս պահի դրությամբ անհայտ է շուրջ 1000 ընտանիքի ճակատագիր, որոնք փաստացի անօթեւան են երկրաշարժի հետեւանքով: «Ընդհանուր հաշվարկով Գյումրիում մինչ օրս կառուցվել է 20.610 բնակարան, ու, այդուհանդերձ, օդից կախված է մնում ավելի քան 4500 ընտանիքի ճակատագիր. նրանք դեռ անբնակարան են»,-ընդգծեց Թումասյանը:
Այս օրերին գյումրեցիներից շատերն են վերլուծում, թե անցած 25 տարիներին աղետի գոտու համար ինչ են արել երկրի երեք նախագահները: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանը հիմնականում հայտնի մութ ու ցուրտ տարիներն էին, երբ ողջ հանրապետությունն էր դժվարին վիճակում. պատերազմ, շրջափակում… իսկ աղետահար գյումրեցին կրկնակի էր մղկտում՝ դեռ չբուժված վերքերի ու կորուստների դառնությանն ավելացնելով անօթեւանի դաժան կարգավիճակը: Եվ, այդուհանդերձ, հենց Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին դեռ Խորհրդային իշխանություններից մնացած եւ արտերկրից ստացված մարդասիրական հսկայածավալ օգնությունը թալանվեց:
Աղետի գոտու հանդեպ տեսանելի ուշադրություն սկսեց դրսեւորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման առաջին տարիներին: Նախ, ի տարբերություն իր նախորդի, նա ամեն տարի՝ դեկտեմբերի 7-ին, անձամբ այցելում էր Գյումրի եւ, առհասարակ, տարվա ընթացքում մի քանի անգամ լինում էր աղետի գոտում՝ անձամբ վերահսկելով կատարվող կառուցապատման աշխատանքները: Այդուհանդերձ, չնայած որոշակի առաջխաղացմանը՝ նրա իշխանության վերջին տարիներին «զարգացման գոտի» վերանվանված աղետի գոտին այդպես էլ լուրջ զարգացում չապրեց:
2008թ. արդեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Գյումրին շինհրապարակի վերածվեց ՀՀ կառավարության եւ «Գլենդել հիլզ» կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի արդյունքում: Կառուցապատող ընկերությունը, սակայն, առավելապես աչքի ընկավ վատորակ եւ ձգձգվող շինաշխատանքներով՝ հուսախաբ անելով բազմաթիվ շահառուների: Գյումրեցիներից շատերը վստահ էին, որ եթե տեղական կառուցապատողներին առաջարկեին շինաշխատանքները, ե՛ւ աշխատատեղերի հարցը կլուծվեր գործազուրկ քաղաքում, ե՛ւ երկրաշարժ տեսած գյումրեցիներն ավելի որակյալ շինարարություն կանեին: Ինչեւէ. վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն աղետի գոտում անօթեւանության խնդրի լուծման վերջնաժամկետ սահմանեց 2013-ի վերջը: Այն արդեն մոտեցել է, սակայն անօթեւանության խնդիրը մինչեւ վերջ չի լուծվել եւ, ցավոք, առաջիկա տարիներին դժվար էլ լուծվի:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս