Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վարչապետի առաջարկով, նախօրեին կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի խումբ գիտնականների կողմից ներկայացված առաջարկություններին վերաբերող հարցեր։ Քննարկմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, նախարարության փոխադրումների բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաև քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Գիտնականների խմբի կողմից, որպես ներկայացուցիչ, հանդիպմանը մասնակցել է Ալեքսան Սահակյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնելով հանդիպման կազմակերպման նպատակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նշել է, որ ծանոթ է ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության կողմից բարձրացված տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ գիտնականների առաջարկությանը, հավելելով, որ սույն առաջարկը նախկինում մանրամասն ուսումնասիրվել է ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան մասնագետների ու աշխատանքային խմբերի կողմից։ Քաղաքապետը նաև նշել է, որ առաջարկների վերաբերյալ տրվել է մասնագիտական եզրակացություն, որին ծանոթ է նաև արված առաջարկությունների հեղինակային խումբը։ Սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունն ու դրա վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել եղած առաջարկությունները մեկ անգամ ևս ներկայացնել մասնագիտական համակողմանի քննարկման. “Երևանի քաղաքապետարանն ամենաշահագրգիռ կողմն է այս հարցում և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել ցանկացած իրատեսական առաջարկություն, որը կնպաստի մայրաքաղաքի տրանսպորտի բեռնաթափմանն ու երթևեկության բարելավմանը”,– նշել է Տարոն Մարգարյանը։ Մասնագիտական համակողմանի քննարկումն ապահովելու նպատակով քաղաքապետն առաջարկել է կարճ ժամկետում ձևավորել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ աշխատանքային խումբ: Ըստ այդմ, քաղաքապետարանի և ՀՀ ՏԿՆ-ի համապատասխան մասնագետներից ու գիտնականների խմբի ներկայացուցիչներից բացի, աշխատանքային խմբում կներգրավվեն շահագրգիռ պատգամավորներ, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև գիտնականների խմբի կողմից առաջարկված համապատասխան գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ի պատասխան քաղաքապետի առաջարկի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշելով, որ խմբակցությունն ընդհանուր գծերով է ծանոթ հարցին, համաձայնել և միացել է մասնագիտական համակողմանի քննարկում կազմակերպելու վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկին։
կքննարկի մասնագիտացած խումբը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ