ՖԻՖԱ-ն արգելել է Մարադոնայի մուտքը մարզադաշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն կարգադրել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերի անձնակազմին արգելել Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մուտքը մարզադաշտերի VIP հատվածներ:

Բրազիլական Folha de Sao Paulo թերթի տեղեկություններով՝ Մարադոնան, ով անընդհատ քննադատում է ՖԻՖԱ-ին, այդուհանդերձ, կարողացել է ներկա լինել Արգենտինայի և Իրանի հավաքականների միջև խաղին:

Վերջին անգամ Մարադոնան հանդես է եկել ՖԻՖԱ-ի քննադատությամբ Լուիս Սուարեսի որակազրկման որոշման հետ կապված:

«ՖԻՖԱ-ի որոշումը խայտառակություն է: Ես չեմ կարող այն ընդունել: Ո՞ւմ է սպանել Սուարեսը, որ նման որակազրկման արժանանա: Ինչո՞ւ այդ դեպքում ՖԻՖԱ-ն նրան ձեռնաշղթաներ չի հագցրել և չի տարել Գուանտանամո:

Ֆուտբոլիստը համառ աշխատում է մի ամբողջ տարի, որպեսզի աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորություն ունենա: Լուիսը 29 գնդակ է խփել, իսկ նրան աքացիներով դուրս են արել աշխարհի առաջնությունից: Դա անհավանական է», – ասել է Մարադոննան:




Լրահոս