Մենք կարեվորում ենք Եվրախորհրդարանի դերակատարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը և Եվրախորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին.””Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Կցանկանայի մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, և թե՛ գործադիր մակարդակներում:Մենք կարեւորում ենք Եվրախորհրդարանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության համատեքստում: Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ` Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեստի ձևաչափերում:Բոլորովին վերջերս` փետրվարի 22-23-ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում: Հավատացած ենք, որ Եվրանեստը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, և վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը”: Եվրախորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձևերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. “Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք: Շատ հանգիստ ենք վերաբերում դրանց, որովհետև Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին և 90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր ընդունեց: Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձև ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա”:




Լրահոս