«Ժառանգություն» կուսակցությունն, անդրադառնալով ԱԱԾ աշխատակցի և լրագրողի միջև տեղի ունեցած դեպքին, հաղորդագրություն է տարածել.
«Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ:
Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:
Զրույցի ձայնագրությունը եւ սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում:
Նկատի ունենալով երեւույթի պետական եւ հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը.
-կարեւորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը,
-հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը եւ քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական գործողությունները,
-վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում,
-դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության եւ նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները:
Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի գործողությունները եւ պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:
«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:
4 հուլիսի 2014