Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 38-ամյա բնակիչ, խուլ ու համր Ալֆրեդ Շահբանդարյանն ու նույն մարզի Քաղսի գյուղի 66-ամյա բնակիչ Գրիգոր Կարապետյանը վերջինիս տան մոտ վիճաբանել են, ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի:
Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ վեը սկսվել է գուլպաների առքուվաճառքի պատճառով:
Վեճի ժամանակ Շահբանդարյանը դիտավորությամբ մեկ անգամ աջ ոտքով հարվածել է Գ.Կարապետյանի որովայնին՝ պատճառելով որովայնի բութ տրավմա, որն ուղեկցվել է բարակ աղու պատռվածքով և թարախային պերիտոնիտով, որոնք առաջացրել են կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Իսկ Կարապետյանը դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Շահբանդարյանի գլխին և դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ Շահբանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՊ 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), իսկ Կարապետյանին` 118 հոդվածով (ծեծ):
Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանին: