Նոր վթարը նկատեց «Լոկատոր» համակարգի ամենատես «աչքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկշաբաթյա նախապատրաստական աշխատանքից հետո, հուլիսի 3-ին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարի վերանորոգմանը:

Ջրատարի նշանակությունը, որով վայրկյանում մոտ 1500 լիտր /մայրաքաղաքին տրվող ընդհանուր քանակի մոտ 15%-ը/ ջուր է մատակարարվում Երեւանի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաեւ Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, ակնհայտ է: Այն պետք է գործի հնարավորինս անխափան՝ ապահովելով տասնյակ հազար քաղաքացիների կայուն ջրամատակարարումը: Մինչդեռ` տեղանքի բարդությամբ, սողանքների առկայությամբ ու գրունտի ագրեսիվությամբ պայմանավորված, դրա աշխատանքը ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում:

Մասնավորապես, այս տարի արդեն քանիցս ընկերությունը վերանորոգման աշխատանքների պատճառով ստիպված է եղել դադարեցնել ջրատարի շահագործումը: Այստեղից բխող բոլոր անհարմարություններով Իրավիճակը շտկելու նպատակով, ընկերությունը որոշել էր առաջին հերթին Նուբարաշենի խճուղուն հարակից երկու հատվածներում փոխարինել վթարված խողովակաշարերը: Իսկ նախապատրաստական աշխատանքները անհրաժեշտ էին նոր ջրագծերի կառուցումը օրենքով թույլատրելի 36-ժամվա ընթացքում ավարտելու համար: Դրա համար վթարված ջրագծերի հարեւանությամբ ստեղծվել էին շինհրապարակներ, նախօրոք մոնտաժվել էին համապատասխանաբար 110 եւ 60 գծամետրանոց խողովակաշարեր, բացվել էր հին խրամուղին՝ մինչեւ խողովակը, ներգրավվել էր անհրաժեշտ տեխնիկա եւ մասնագետներ:

Ջրատարի կանգառի պես, որի մասին ընկերությունը տեղեկացրել էր հասարակությանը երկու օր առաջ, աշխատանքը եռաց: Միանգամից գործի անցան «Արեւելք» շահագործման տնօրինության «էրեբունի» տեղամասը եւ Ջրատար համակարգերի կառավարման ու սպասարկման վարչությունը: Նախ՝ ապամոնտաժվում եւ բուլդոզերի ու ավտոկռունկի օգնությամբ խրամուղուց դուրս էին հանվում հին խողովակները, այնուհետեւ երկուական ավտոկռունկների օգնությամբ զգուշորեն բարձրացվում ու խրամուղու մեջ տեղադրվում էին նոր ջրագծերը:

Մնում էր լրացուցիչ մետաղական ձգող դետալների կիրառմամբ դրանց երկու ծայրերը մոնտաժել գործող ջրատարին: Առաջադրանքը ջրմուղագործների համար նոր չէ, բայց բոլորովին էլ ոչ դյուրին: Յուրաքանչյուր գործը իր առանձնահատկություններն ու նրբություններն ունի: Իսկ թե ինչ է նշանակում զոդել առնվազն 35-37 աստիճան շոգի դեպքում՝ միայն պետք է տեսնել սեփական աչքերով: Բայց դե գործ է՝ պետք է անել: Եւ արեցին: Նույն օրը, ուշ երեկոյան երկու տեղամասերն էլ «կազմ ու պատրաստ» էին: Ավելին, գիշերը վերսկսվեց ջրամատակարարումը: Սակայն վաղ առավոտյան, թերեւս չդիմանալով ճնշմանը, Նուբարաշենի մոտ բացվում է ջրատարի մեկ այլ հատվածի «կարը»: Ցավոք, ջրատարի պատկառելի տարիքի պատճառով, լինում է եւ այսպես: Ջրի արտահոսքը «անզեն աչքով» հնարավոր չէ նկատել 36 կիլոմետրանոց խողովակաշարի վրա: Սակայն այն անմիջապես նկատում է ընկերության հեռատեղեկատվական «Լոկատոր» համակարգի ամենատես «աչքը»:

«Համակարգչի ձայնային ու գունային ահազանգից հետո, որը ֆիքսում է անսարքության առկայությունը, մենք արագորեն պարզեցինք, որ ջրատարում ընկել է ջրի ճնշումը»,-պատմում է ընկերության Կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը:

Խնդրի լուծման համար նախ որոշվեց նվազեցնել ճնշումը ջրատարում, որի համար դադարեցվեց Գառնիի պոմպակայանի աշխատանքը, այնուհետեւ, 13.00-ին, երբ պարզ դարձավ վթարի բարդությունը, ջրատարի արագ վերանորոգման նպատակով զգալիորեն նվազեցվեց նաեւ ինքնահոս եղանակով մղվող ջրաքանակը: Իսկ 14.00-ից, աշխատանքի ավարտից հետո, սկսվեց հակառակ հաշվարկը: Հայտարարված 36-ժամյա կանգառը չլրացած՝ «ՙԳառնի-Երեւան» մայրուղային ջրատարը նորից վերադարձավ շարք՝ պապակած երեւանցիներին հասցնելով զով լեռների կենարար հեղուկը:

Հանրային կապերի ծառայություն, «Երեւան Ջուր» ՓԲԸ




Լրահոս