Ոստիկանապետին կոչ են անում ազատվել շողոքորթողներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի ոստիկանապես

2014թ. ապրիլի 8-ին Ոստիկանության Գորիսի վետերանների խորհուրդը, վետերանները դատապարտում են Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի եւ Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գեւորգյանի կողմից ս/թ ապրիլի 7-ին իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար,որով արատավորվել է վետերանների պատիվն ու արժանապատվությունը:

Ուղարկված մեր նամակը մինչեւ 2014թ. հունիսի 17-ը մնացել է անպատասխան,որի պատճառով կրկին անգամ գրավոր կարգով ահազանգել ենք Ձեզ: 2014թ. հունիսի 27-ին ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացվել է անհասկանալի,իրականության հետ որեւէ կապ չունեցող,վետերանների պատիվն ու արժանապատվությունը ավելի արատավորող պատասխան նամակ, որի բովանդակությանը ծանոթանալով հանգում ենք մի եզրակացության՝ պարզվում է,որ «անշարժ գույքերի» եւ «զբոսաշրջիկների» թիվը ոստիկանության համակարգում ավելի շատ են,քան Դուք եւ մենք էինք պատկերացնում: Կրկին անգամ ցանկանում եմ նշել,որ 2014թ. ապրիլի 7-ին Կապանում նախատեսված խորհրդակցությանը մենք ներկայացել ենք Ոստիկանության Գորիսի բաժնի ղեկավարության հանձնարարությամբ եւ պահանջով,եւ խորհրդակցությանը մեկնել ենք ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Ա. Դադալյանի ուղեկցությամբ: Խորհրդակցությանը մասնակցելու կամ չմասնակցելու տարիքային սահմանափակման մասին որեւէ քննարկում կամ խոսակցություն չի եղել,այդ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ 60-ից բարձր տարիք ունեցող բազմաթիվ վետերաններ,այդ թվում նաեւ մեզ հետ Գորիսից Կապան ժամանած ոստիկանության վետերան Օ. Մաշուրյանը (69 տարեկան):

ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուները առաջին հերթին պետք է ուսումնասիրեին եւ պարզեին նշված խորհրդակցությանը իմ՝ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահի մասնակցությունը արգելելու իրական պատճառը (ի դեպ խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի 61 տարեկանը լրանում է 2014թ. սեպտեմբերի 6-ին):Վարչության պետ Ա. Հակոբյանը եւ նրա աշխատակից Ա. Բդոյանը ինչպե՞ս են պարզել 07.04.2014թ. Ոստիկանության Կապանի պահպանության բաժնի շենքում տեղի ունեցածը,եթե չեն հարցաքննել կամ չեն լսել Կապան մեկնած վետերաններ Ռ. Հակոբյանին,Յու. Միրզոյանին եւ Օ. Մաշուրյանին,ինչպես նաեւ Ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Ա. Դադալյանին:

Մեծարգո Վլադիմիր Սերգեյի.

ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները նաեւ պետք է ուսումնասիրեին եւ պարզեին Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի եւ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի միջեւ տեւական ժամանակ «ծավալված հակամարտության» իրական դրդապատճառները: Դրդապատճառներից գլխավորը վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի եւ վետերանների մասնակցությամբ վերջին ամիսների ընթացքում բացահայտված եւ հայտարարությունների,հրապարակումների տեսքով ներկայացված տնտեսական բնույթի բազմաթիվ հանցագործությունների դեպքերն են՝ կատարված Գորիսի քաղաքային եւ մարզային նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, որը «անհարմար» վիճակի մեջ է դրել մարզային վարչության պետ Վ. Ավագյանին:

Հարգարժան գեներալ-լեյտենանտ.

Տնտեսական բնույթի բազմաթիվ հանցագործություննրի բացահայտման համար վետերաններին խրախուսելու փոխարեն Ձեր ենթակաները բռնել են նրանց շանտաժի ենթարկելու,ստելու,վետերանների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու արատավոր ճանապարհը: Ոստիկանության Գորիսի վետերանները (ինչպես նաեւ իրավապահ մյուս մարմինների վետերանները) հորդորում եւ խնդրում են Ձեզ, օր առաջ համակարգը ազատել «անարդարության կողքին կանգնածներից», «վախեցածներից», «փախչողներից» եւ «շողոքորթողներից»:

Աստված Ձեզ հետ Ոստիկանության վետերանների անունից՝ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյան

Ք. Գորիս




Լրահոս