Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում կենացները գնալով քաղցրանում են: Հիմա էլ այդ համաձայնագիրը ստորագրելու նոր ժամկետ է նախանշվում, այն է` ոչ ավել, ոչ պակաս` հոկտեմբեր: Միայն թե հույս ունենանք, որ այն չի ասոցացվի 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության հետ: Իսկ այս «ավետիսը», ինչպես միշտ, ավետում են արտերկրի լրատվամիջոցներն ու պետական պաշտոնյաները:
Եվ այսպես, օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտարարել է. «ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում»:
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցում լուրջ խնդիրներ են ստեղծվել, ինչը միանգամայն սպասելի էր: Այլապես, դեռ մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պնդում էր` 2-3 օրում իրենք պատրաստ կլինեն ստորագրել ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը:
«Հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին ՀՀ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը:
Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ եւ մեր գործընկերներին»,- հայտարարեց Սարգսյանը: Իսկ արդեն մայիսի 31-ին Ծաղկաձորում նա պնդել էր. «Որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են եւ վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին»:
Սերժ Սարգսյանի խնդրած վերջնաժամկետից բավականին անցել է, բայց առ այսօր պայմանագիրը չի ստորագրվել: Միայն Աստանայի գագաթաժողովի որոշման մեջ ամրագրվեց` մինչեւ հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ ստորագրման ժամկետների մասին` ոչ մի խոսք:
Ընդհակառակը` հունիսի 17-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անհանգստություն էր հայտնել Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ: «Չի կարող անհանգստություն չլինել: Մտնում ենք նոր տնտեսական համակարգ եւ այստեղ կան մարտահրավերներ: Բայց այդ մարտահրավերները լուծելի են»,- ասել էր նա` պնդելով, որ դա կբերի ՀՀ զարգացմանը:
Նախօրեին էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր հայտարարել. «Ստորագրման օրվա մասին չի եղել որոշում: Եղել է նախապատրաստվել: Երեկ (հունիսի 30-ին-Ա.Գ.) ուղարկվել է ներպետական համաձայնեցման, քանի որ հարցերը հիմնականում շատ խորը քննարկվել են, հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տեւի: Հենց դա ավարտվեց, արդեն կարելի է խոսել ժամկետների մասին»:
Ու հիմա պարզվում է` «շատ երկար չտեւող» ներպետական համաձայնեցումը տեղի կունենա հոկտեմբերին, եթե, իհարկե, նոր խնդիրներ չծագեն ու ժամկետները կրկին չհետաձգեն: Այսնինքն` ակնհայտ է, որ արտաքուստ հաշտ ու համերաշխ թվացող հայտարարությունների խորքային` այսբերգային հատվածում կան լուրջ խոչընդոտներ, շահերի բախում, որոնք առայժմ անհնարին են դարձնում Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցումը:
Թեեւ` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ժամկետների հետաձգումը կարծես թե բխում է Հայաստանի շահերից, քանի որ դա կարող էր նոր գնաճի առիթ դառնալ, էլ չենք ասում` Հայաստանի տնտեսական մեկուսացվածությունը:
Մինչ այդ, նկատենք մեկ այլ կարեւոր փաստ. հերթական անգամ ՀՀ քաղաքացիները Հայաստանի համար կարեւորագույն հարցերի մասին կրկին տեղեկանում են օտարերկրյա պաշտոնյաներից: Այդպես էր Հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, երբ այդ մասին տեղեկացանք, երբ դրանք արդեն նախաստորագրվել էին:
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու եւ Մաքսային միություն մտնելու մասին առաջինը հաղորդեցին ռուսական լրատվամիջոցներն ու ռուս պաշտոնյաները, մինչեւ ավարտվեց Պուտինի հետ Սերժ Սարգսյանի դարակազմիկ հանդիպումն ու պարզ դարձավ, որ ՀՀ-ն կտրուկ փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը:
Հիմա հերթը հասել է ԵՏՄ-ին անդամակցելու ժամկետներին, եւ այդ մասին կրկին տեղեկանում ենք ոչ թե հայ պաշտոնյաներից, այլ` Ղազախստանի ԱԳ նախարարից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ