Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին ադրբեջանական գնդակոծությունների տակ հայտնված սահմանամերձ գյուղերը գտնվում են իր ամենժամյա ուշադրության կենտրոնում:
-Պարոն մարզպետ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հատկապես վերջին շրջանում հայտնվել են ադրբեջանական գնդակոծությունների ներքո: Այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է մարզի սահմանամերձ հատվածում:
-Հիմա հարաբերական անդորր է: Ես արդեն երկու անգամ եղել եմ Այգեպարում, նախօրեին եղել եմ Բարեկամավանում ու ծանոթացել տիրող իրավիճակին: Բնական է, որ լարված իրավիճակ է, ինչ-որ չափով տագնապ կա, բայց առաջին անգամը չէ, որ այդ կրակոցները հնչում են, դրա համար էլ ժողովուրդը խուճապի չի մատնվում:
Անհանգստություն կա, լարված վիճակ է, բայց աշխատում ենք այդ ամենը նորմալ ձեւով տանել, քանի որ սա մեր սահմանն է, մեր երկիրն է եւ առաջին օրը չէ, որ կրակոցներ են լինում:
-Բնակչության մոտ մտավախություն կա, որ լարվածության այս վերջին էսկալացիային կարող են հաջորդել արդեն պատերազմական գործողությունները:
-Չէի ասի, որ այդպես պատերազմական իրավիճակ է երեւում, բայց մի քիչ ակտիվություն նկատվում է: Ընդհանուր առմամբ, բոլոր տարիներին էլ դա նկատվել է, սա առաջին տարին չէ, որ նման լարվածություն կա: Հիմնականում եղել է այնպես, որ գարնանային ու աշնանային աշխատանքների ժամանակ սկսվում է կրակոցների ակտիվացումը: Բայց դե բնական է, որ ժողովուրդն այդ ամենից անհանգստանում է: Ուղղակի այս տարի մի քիչ ավելի ակտիվ են:
-Իսկ ինչպե՞ս են ապրում այն գյուղերի բնակիչները, որտեղ գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում: Կարելի է ասել` այդ մարդիկ ապրում են` մշտական վախը սրտներում եւ վտանգն աչքի առջեւ: Իշխանությունների կողմից ի՞նչ է արվում սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ:
-Ամեն օր կրակոցներ հնչել են ու եթե դա հաշվի առնենք, ապա կարելի է ասել, որ գյուղացին այսօր ապրում է իր առօրյա կյանքով, բայց նորից եմ կրկնում` լարվածություն կա, բնականաբար կրակոցների ժամանակ գյուղացիները դուրս չեն գալիս փողոց: Ամեն ինչն էլ վերահսկողության տակ է գտնվում:
Գյուղապետերի հետ ամեն օր, օրը մի քանի անգամ կապ եմ հաստատում, եթե լուրջ խնդիրներ են լինում ներկայացնում են, քննարկում ենք, որոշում ենք կայացնում: Մովսես գյուղում ապակիների խնդիր կար, արդեն հանձնարարել եմ, թե որտեղից պետք է դրանք վերցնեն, այնտեղ պայթյուն էր եղել, անկողին էր վառվել ու ես հանձնարարել եմ նաեւ այդ հարցով զբաղվել:
Ասել եմ` պե՞տք է ֆինանսական օգնություն, ասել են` չէ, իրենց հարկավոր է մի քանի կրակմարիչ ու այդ հարցն էլ ենք լուծել: Բոլոր խնդիրներն էլ իմ ուշադրության կենտրոնում են:
-Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա ԲՀԿ-ական երիտասարդները Տավուշի մարզում էին եւ այցելեցին այն գյուղեր, որտեղ առավել հաճախակի են կրակոցները: Նման այցելություններն ինչ-որ կերպ օգնո՞ւմ են գյուղացիներին:
-Կարեւորը` վատ ազդեցություն չեն թողնում, այդ այցելությունները ոգեւորում են գյուղացիներին, ես ողջունում եմ իրենց գալը: Իրենց այցելություններին ես որեւէ քաղաքական մեկնաբանություն չեմ տալիս, սա իրենց երկիրն է ու այս գյուղը միայն այգեպարցիներինը չէ: Պետական սահման է ու իրենք էլ պետական գործիչներ են, իրենց արածը ողջունելի է: Եվ, ի դեպ, սա առաջին անգամը չէ, մարդիկ միշտ էլ գալիս- գնում են:
-Իսկ ինչո՞ւ իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքում Տավուշում տիրող իրավիճակին: Այնպիսի տպավորություն է, որ հայրենի իշանություններին այդ սահմանները չեն էլ հետաքրքրում:
-Օրինակ, ի՞նչ եք առաջարկում իշխանություններին, որ չի արվում: Օրերս Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, մենք միասին եղել ենք Այգեպար գյուղում, որտեղ սպորտդահլիճ է վերանորոգվում:
Գյուղացիները անհանգստացնող խնդիրներ ունեին, որոնք ներկայացրել է գյուղապետը, իսկ դա հիմնականում անվտանգության հետ է կապված: Այսօր ազերիները կարողանում են կրակել մանկապարտեզի ուղղությամբ, գյուղի տարբեր հատվածներում, ինչի համար էլ որոշում է կայացվել պատերը պատել ավելի անվտանգ ձեւով, որպեսզի այդ տարածքները կրակոցներից չտուժեն:
Ո՞վ է ասում, որ ամեն օր պետք է մարդիկ գնան այնտեղ, ես եմ գնացել այնտեղ ու ինչ որ պետք է անել` արվում է: Չեմ կարծում, որ անտարբերություն է, ընդհակառակը` իրենց ու մեր ուշադրության կենտրոնում է գտնվում այդ ամենը: Գյուղացին արհամարհված չէ:
Հ. Գ. Երեկ Տավուշի մարզում էին նաեւ ԲՀԿ երիտասարդները, ովքեր գյուղացիներին օգնություն էին տարել: Սակայն տպավորություն էր, որ ԲՀԿ-ականները դա անում են միայն ֆեյսբուքի համար: Երեկ ողջ օրվա ընթացքում ֆեյսբուքը հեղեղված էր ԲՀԿ-ականների լուսանկարներով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ