ԱՊՊԱ փորձագետներն ուշացումով են հասնում դեպքի վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, երբ վթարներից հետո ԱՊՊԱ-ին սպասելու հետեւանքով ողջ փողոցի երթեւեկությունը կաթվածահար է լինում եւ հսկայկական խցանումներ են առաջանում:

Ընդ որում,  որպես կանոն` ՃՈ-ն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն: Armlur.am-ին դժգոհած վարորդները պնդում են,  որ ԱՊՊԱ գործակալությունները չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ իրենք ստիպված չլինեն ժամերով սպասել: Ապահովագրական ընկերությունները, սակայն, վստահեցնում են, որ իրենք մշտապես օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր կանչերին :

 Armlur.am-ին դիմած վարորդները դժգոհեցին` նշելով, որ իրենք ուղիղ 40 րոպե փորձում են կապ հաստատել ապահովագրական գործակալությունների հետ, որպեսզի օպերատորին տեղեկացնեն, որ իրենք վթարի են ենթարկվել:

Արդյունքում երթեւեկութունը կաթվածահար է լինում,  խցանումներ են առաջանում, որոնք վերացնելու համար ժամեր ու ջանքեր են պահանջվում: Քաղաքացիներից մեկը  Armlur.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն օրեր առաջ ընկել է նման անելանելի դրության մեջ:

«Ընկերոջս հետ երեւանյան փողոցներից մեկում վթարի ենթարկվեցինք, բարեբախտաբար մեզանից ոչ մեկին  ոչինչ չպատահեց: Բայց այնպես ստացվեց, որ մենք երկար սպասեցինք ԱՊՊԱ փորձագետներին: Ուղիղ 45 րոպե մենք փորձում էինք կապ հաստատել ընկերության օպերատորի հետ, սակայն մեզ այդպես էլ դա չհաջողվեց: Ստիպված զանգ տվեցի ընկերոջս, որն աշխատում է ապահովագրական գործակալութունում: Տասը րոպե անց, նա արդեն դեպքի վայրում էր»:

Այս դեպքում քաղաքացու բախտը բերել է, քանի որ փորձագետ ծանոթ կամ ընկեր է ունեցել: Իսկ ահա մյուս վարորդները ստիպված են լինում նույնիսկ ժամերով սպասել: Թեեւ ԱՊՊԱ գործակալությունների աշխատակիցները շարունակում են պնդել հակառակը, այնուամենայնիվ նկատենք, որ խնդիրն ակնառու է :

Դա հասկանալու համար բավական է քաղաքացիներին հարցնել, թե նրանց կարծիքով որն է երեւանյան փողոցներում մշտապես առկա խցանումների պատճառը:

Շատերի պնդմամբ` խցանումները մեծապես պայմանավորված են  ԱՊՊԱ փորձագետների ուշացումներով: Նշենք, որ ԱՊՊԱ փորձագետները Երեւանում պետք է վթարի վայրում լինեն մինչեւ 40 րոպեում, իսկ մարզերում` 80 րոպեում: Այս հարցի շուրջ  Armlur.am-ը զրուցեց «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության մամլո խոսնակ Էմմա Մոժարովայի ետ. «Մենք չունենք նման խնդիր եւ ընդհանրապես ուշացումներ չենք ունենում: Մերոնք մինչեւ 20 րոպեն հասնում են վթարի վայր»,- վստահեցրեց ընկերության խոսնակը :

Իսկ ինչու են ԱՊՊԱ գործակալները մինչեւ 40 րոպեի փոխարեն վթարի վայր հասնում շատ ավելի ուշ: Ապահովագրական գործակալութունների ներկայացուցիչների համոզմամբ, փորձագետների կամ վթարային կոմիսարների` վթարի վայր ուշ ժամանելն ուղիղ կապ ունի վթարների քանակի հետ: Նրանց խոսքով` լինում են դեպքեր, երբ վթարների թիվը մեկ օրվա ընթացքում սովորականից շատ է լինում, ինչի պատճառով էլ փորձագետներն անընդհատ  ուշանում են:

Խնդրի առնչությամբ  Armlur.am-ը զրուցեց նաեւ«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերութան աշխատակից Մարինեի հետ, ով եւս հավաստիացրեց, որ իրենց երբեք չեն ուշանում. «Մեր մասնագետները նման խնդիր չեն ունեցել:

Հակառակը` նրանք ժամանակին դեպքի վայր են հասնում: Հնարավոր է, որ այդ ուշացումներն օրվա հետ են կապված, այսինքն` որտեղ վթարներ շատ են լինում:

Դրա պատճառով, դա ուշացում է դիտարկվում, բայց մեր ընկերության ներկայացուցիչները միշտ ժամանակին են տեղ հասնում: Մի քանի գործոններ կան, որոնք առաջացնում են վթարային իրավիճակներ: Շատ հնարավոր է, որ եղել են այդպիսի դեպքեր, ես չեմ բացառում՚:

 Armlur.am-ի այն հարցին, թե  ինչու է վարորդը վթարի վայրից դժվարությամբ հեռախոսով կապվում  օպերատորի հետ, ապահովագրական ընկերության աշխատակիցը  պատասխանեց. ՙԵթե հաճախորդն, այնուամենայնիվ, չի կարողանում կապվել ընկերության օպերատորի հետ, ապա մենք որպես բացթողնված զանգ պարտադիր կապվում ենք:

Դա հնարավոր է, րոպեների ընթացքում է լինում կամ ընդմիջումից հետո, բայց ոչ հաջորդ օրը, այլ` նույն օրը. րոպեների կամ մաքսիմում մեկ ժամ հետո: Իսկ եթե կան այլ հարցեր, ապա կարող եք գրավոր հարցման միջոցով տեղեկանալ»:

Ասպիսով, մինչ ԱՊՊԱ գործակալությունների հեռախոսավար-օպերատորները  ընդմիջում են անում կամ ինչ-ինչ պատճառներով հեռախոսները զբաղված են, այդ ընթացքում երթեւեկելի հատվածներում տեղի ունեցած վթարի հետեւանքով առաջացած խցանման մեջ գտնվող վարորդները, այն էլ` այս շոգ եղանակին,  շարունակում են իրենց մտքում «հիշել» ԱՊՊԱ գործակալներին, ովքեր անհասկանալի պատճառներով անընդհատ ուշանում են:

Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում այս հարցն արագ լուծում է ստանում. Օրինակ` Ֆրանսիայում, երբ երկու մեքենա հայտնվում են նման իրավիճակում, վթարի երկու կողմերն  անմիջապես իրենց մեքենաները լուսանկարում են, ստորագրում ու արագ հեռանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս