Բնապահպանության նախարարի սիրտը ցավում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում բնապահպանական նորմերի խախտման դեպքերին, ասաց, թե  իրենց ժամանակ է պետք, որպեսզի անցնեն  առավել խիստ պատժամիջոցների:

Նշենք, որ 2014թ. հունիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարությունը Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 1.11մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում, որից  շրջակա միջավայրին հասցված վնասը  կազմել է 1.06մլն դր: Ծառահատման, անտառային տարածքում պտուղների ապօրինի հավաքման,  հողերի պահպանության, բնապահպանական նորմերի խախտման, մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման, փայտանյութի ապօրինի տեղափոխման, խեցգետնի, ձկան ապօրինի որսի դեպքերով  խախտումներ են արձանագրվել Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում: Ըստ Բնապահպանության նախարարության  պաշտոնական հաղորդագրությանª  նման դեպքերի համար խախտումներ իրականացրած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության` տուգանվելով առավելագույնը  200.000 դրամ: Ինքնին հասկանալի է, որ նման չափի տուգանքներով  իրավիճակը փոխել հնարավոր չէ, առավելեւս` որ տուգանքները կիրառվում են ոչ բոլոր դեպքերում: Իսկ խախտումների արդյունքում շրջակա միջավայրին հասցված  վնասը  վերականգնելու համար ոչ միայն ավելի մեծ միջոցներ, այլեւ երկար ժամանակ է պահանջվում. Էլ չասած` որ երբեմն այդ վնասն ուղղակի հնարավոր չէ վերականգնել:

Վերը ներկայացվածը  Բնապահանության նախարարության հայտնաբերած խախտումներն էին, իսկ  ահա վերջին դեպքը, որի մասին հունիսի 27-ին գրել էր «Ժողովուրդ»-ը, Հրազդան գետում  ձկների զանգվածային անկման մասին էր: Խնդիրը բարձրաձայնելուց  հետո Կոտայքի բնապահպանության վարչությունը լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով գետի ջրից փորձանմուշ էր  վերցրել: Ավելին՝ այժմ Հրազդան գետում տիրող իրավիճակը գտնվում է Կոտայքի փոխդատախազ Լեւոն Ճարխիֆարակյանի անմիջական հսկողության տակ  եւ հետաքննության արդյունքներից հետո պարզ կլինի  քրեական գործ կհարուցվի, թե ոչ:

Այս եւ այլ բնապահպանական հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում  Հրազդան գետում:

-Այո, Հրազդան գետում եղել է ձկների զանգվածային անկման դեպք: Մենք միջամտություն ենք ցուցաբերել, մեր տեսչությունը  ստուգումներ է իրականացնում, հանձնարարված է նաեւ ոստիկանությանը, ովքեր համատեղ ստուգումներ են իրականացնում: Պետք է հստակեցնենք, իմանանք, թե որտեղից է խնդիրը, որպեսզի   կարողանանք ռեալ պատժել նրանց, ովքեր իրականացրել են այդ գործողությունը: Դեռեւս հստակեցված չէ:

-Սովորաբար, երբ խնդիրը բարձրաձայնվում է, բոլոր պատկան մարմինները «խիստ անհանգստացած» խառնվում են իրար, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ մոռացության է տրվում, լավագույն դեպքում` պատասխանատուներին  ինչ-որ սիմվոլիկ գումարով տուգանում են եւ վերջ: Արդյունքում` բնության եւ կենդանական աշխարհի հանդեպ  ոտնձգությունները շարունակում են համատարած բնույթ կրել: Որպես նորանշանակ նախարար` ինչպիսի՞  քայլեր եք ծրագրում  այդ ամենը կանխելու:

-Օրենքի հետ կապված խնդիր ունենք: Ինչ թելադրում է օրենքը, մենք այդ պահանջն ենք իրականացնում, օրենքից դուրս այլ բան չենք կարող անել, խնդիրը սա է: Ուրիշ բան, եթե մենք հիմա առաջարկություններ անենք, ավելի խիստ մոտեցումներ ցուցաբերենք կամ  օրենքի մեջ փոփոխություններ անենք:

-Իսկ ինչո՞ւ չեք անում:

-Դե գիտեք, սրանք խնդիրներ են, որոնց հետ առնչվում ենք: Մեզ հիմա ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք, եթե դրանք անընդհատ կրկնվող երեւույթներ են, կարողանանք այլ ձեւով միջամտություն անել.  Ազգային ժողով դիմել, որ  օրենքի փոփոխություն արվի   եւ  պատժի ավելի խիստ միջոցներ կիրառվեն:

– Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ այդ երեւույթները  տարիներ շարունակ կրկնվել են, ուստի  ձեւական տուգանքներով  իրավիճակը հաստատ չի փոխվի: Կա՞ն այս պահին հստակ քայլեր, որոնք  պատրաստվում եք իրականացնել:

-Շնորհակալ եմ, որ դուք ինքներդ եք այս հարցը բարձրացնում: Սա միայն նախարարի խնդիրը չէ, մենք բոլորս միասնական պետք է պայքարենք: Իմ սիրտը ցավում է , երբ նմանատիպ խնդիրներ են լինում , բայց կրկնում եմ`  պետք  է օրենքի վերանայումներ անենք,  պատժամիջոցների խստացումներ անենք, որպեսզի կարողանանք մարդկանց վատ արարքներց զերծ պահել:

-Ենթադրենք՝ խստացրեցիք, 200.000 դրամ տուգանքը, որն առավելագույնն է,   դարձրեցիք 500.000 դրամ, սա կփրկի՞ իրավիճակը:

-Ոչ միայն տուգանքը, ինչու չէ` նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ նվազագույն պատժամիջոցները արդյունավետ չեն: Կրկնում եմª մենք այսօր առաջնորդվում ենք օրենքով, սակայն անհրաժեշտությունից ելնելով անպայման փոփոխություններ կառաջարկենք:

Քնար Մանուկյան




Լրահոս