Ի՞նչ է սպասվում Շիրակի մարզում կարկուտից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի 13 համայնք հունիսի 30-ի երեկոյան տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասներ է կրել:

Հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները՝ մոտ 1500-2000 հա: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ստեղծվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով՝ նախագահությամբ Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի:

Հայրենյաց, Հայկասար, Մարալիկ, Իսահակյան համայնքներում կարկուտը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է տնամերձերում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները: Իսահակյան համայնքում նաև պտղատու ծառերի բերքն է լուրջ վնաս կրել:

Armlur.am-ի հետ զրույցում Հայրենյացի համայնքապետ Գևորգ Մարտիրոսյանը հայտնեց, որ ստեղծված հանձնաժողովն արդեն ուսումնասիրել և պարզել է վնասի չափերը, սակայն վերջնական պատկերը կառավարությանը կհանձնվի երկուշաբթի օրը՝ հուլիսի 7-ին: Համայնքապետը հայտնեց, որ կառավարությունում հարցը դեռևս քննարկման չի դրվել:

«Մեր մոտավոր ցուցակները անվանական կազմվում է հանձնաժողովի կողմից: Իսկ թե ինչ փոխհատուցում կլինի, կամ ընդհանրապես ինչ ակնկալիք ունեն մեր գյուղացիները, դեռևս քննարկված չէ: Կարծում եմ, երբ ներկայացնենք կառավարությանը մեր կազմած ցուցակները, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի պարզել փոխհատուցման պայմանները»,- շարունակելով խոսքն՝ ասաց Հայրենյացի համայքապետը:

Տեղեկացնենք նաև, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հացահատիկային ցանքատարածությունները որոշ համայնքներում մինչև 100 %-ի վնաս են կրել: Տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել նաև բանջարաբոստանային կուլտուրաներին ու պտղատու ծառերին:




Լրահոս