«Նախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին, հասկանալի պատճառներով, կարող էր Քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել: Այնուամենայնիվ, մեր եւ Քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով»,-երեկ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Փաստորեն, թեեւ Քոչարյանը չի համագործակցում Քառյակի հետ, սակայն նրա տեսակետները լիովին համընկնում են ոչ իշխանական այդ ուժերի հայտնած գնահատականների հետ: Իսկ սա ուշագրավ է այն առումով, որ երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադառնալով հրապարակային քաղաքականություն, սկսեց սուր քննադատության ենթարկել գործող իշխանություններին, նույն Քոչարյանն ամենավիրավորական բառերով էր արձագանքում նրան, նույնիսկ ծաղրում: Հիշո՞ւմ եք. Տեր-Պետրոսյանին նա մեղադրում էր քիրվայության, դավաճանության, վատ տեսողություն ունենալու մեջ՝ կանխագուշակելով նրա շարքային ընդդիմադիրի ապագան: Իսկ Տեր-Պետրոսյանի քննադատության սրությունն ու հնչեցրած գնահատականներն՝ ուղղված Քոչարյանին եւ Սարգսյանին, այս տարիների ընթացքում, ըստ էության, նույնն են մնացել: Ու այսքանից հետո կարելի է ասել, որ Քոչարյանն է «դարձի եկել», սկսել է քննադատել իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի իշխանության վարած քաղաքականությունը: Ասել է թե` ՀՀ երկրորդ նախագահը զբաղված է ինքնաքննադատությամբ, ինչը ողջունելի է:
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հետաձգել է Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը, այդպիսով հուլիսի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը: Առաջին հայացքից սովորական այս քայլը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում մնացել է միայնակ ու հիմա փորձում է ժամանակ շահել՝ սպասելով աշնանային զարգացումների հանգուցալուծմանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անգամ ՀՅԴ-ն, որը սկզբում կողմ էր արտահայտվում այդ փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տարբերակին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններից հետո, երբ կառավարությունը վերջին պահին հետ կանգնեց իր խոստումից ու այլ անվան տակ անցկացրեց պարտադիր կուտակային համակարգը, երես է թեքել իշխանություններից: Արդյունքում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան վերջնաժամկետը հետաձգելը` սպասելով «բարեհաջող» ժամանակների:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում: Ըստ արցախցիների՝ Հայրապետյանը հատկապես հատուկ ուշադրություն է դարձնում ազատամարտիկների ընտանիքներին` նրանց նյութական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով: Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտեր է կառուցել Շուշիում, Հադրութում եւ Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Իհարկե այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաեւ Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այս իրավիճակում կարեւորն այն է, որ թեեւ բազում ղարաբաղցի գործարարներ շտապում են Արցախից դուրս գալ, Հայաստանում կամ արտերկրում բիզնես գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը գործարարությամբ զբաղվում է հենց Արցախում: Նա «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո գրեթե միշտ ԼՂՀ-ում է լինում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»: Կառավարության որոշ անդամ նախարարներ Լյովիկի կողմն էին «բռնել», իսկ «օրենքով գողեր»-ը եւ Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը Գեւորիկի համար էին շահագրգռված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում, եւ Ս. Սարգսյանը հրահանգել է` հարցը փակել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում գնտվող բոլոր 16 «օրենքով գողեր»-ին ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողեր»-ից: Գործի է անցել մաֆիան: Իսկ «ռազբորկան» «փակվել է» «Ֆորում» ռեստորանում: Մանրամասները` 4-րդ էջում: