Դեռեւս հունիսի 4-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա չի եղել ԲԱՄՕ-ի սեփականատեր, Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Մ. Մուրադյանի եւ Ս. Սարգսյանի փոխհարաբերությունները լարվել են ու Ս. Սարգսյանը նպատակ ունի Մ. Մուրադյանին այդ պաշտոնից ազատել: Եվ ահավասիկ` երեկ Ս. Սարգսյանը Մ. Մուրադյանին ազատել է դեսպանի պաշտոնից:
Ինչպես հայտնի է, 2005թ-ին կառավարության որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց ԲԱՄՕ ընկերությանը: Վաճառքի պայմանագրի համաձայն՝ համալիրի վերակառուցման եւ արդիականացման նպատակով սեփականատերերը 3 տարվա ընթացքում պետք է իրականացնեին 4,2 միլիարդ դրամի ներդրում: Սակայն ընկերությունը համալիրում ներդրել է նախատեսվածից մի քանի անգամ ավելի` 17,21 միլիարդ դրամ` համալիրը վերականգնելով եւ համապատասխանեցնելով արդի չափանիշներին: 2012թ-ին ԲԱՄՕ-ի սեփականատերեր Մուրադյան եղբայրները կառավարությունից 23 միլիոն դոլար բյուջետային վարկ են վերցրել՝ գրավադրելով համալիրը: Վարկի մարումն ուշացնելու արդյունքում, կառավարությունը դիմել է Առաջին ատյանի դատարան՝ պահանջելով համալիրն աճուրդի հանել:
Այդ ամենի արդյունքում Մ. Մուրադյանի եւ Ս. Սարգսյանի հարաբերությունները լարվել էին։ Բացի այդ, պարզվում է՝ եղել է նաեւ այլ պատճառ. Ս. Սարգսյանը պարզել է, որ Մ. Մուրադյանը Իրաքում հիմնականում զբաղված է իր բիզնես գործունեությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մուրադ Մուրադյանը Իրաքում հյուրանոցային համալիրներ ունի, հիմնականում զբաղվում է շինարարական գործունեությամբ, ինչպես նաեւ բժշկական ապահովագրական ընկերություն ունի: Իսկ վերջերս էլ նպատակ է ունեցել մեկ այլ բիզնես սկսել Միխայիլ Բաղդասարովի հետ, որը, սակայն, կիսատ է մնացել: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում Մ. Մուրադյանը բավականին պարտքեր է կուտակել ու այժմ Իրաքի «կեսին» պարտք ունի:
Մ. Մուրադյանի եղբայրը` Բորիս Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պետք չէ Մարզահամերգային համալիրի վաճառքը կապել իր եղբոր պաշտոնանկության հետ. «Իրեն պետք է զանգահարեք, ես ոչինչ չեմ կարող ասել, բայց դա նրա հետ որեւէ կապ չունի, շատ հիմնավոր եմ պատասխանում, սա մյուսի հետ բացարձակապես կապ չունի»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ