ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷՐԴՈՂԱՆԸ
ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

Թուրքիայի վարչապտ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ երկրի իշխող կուսակցությունից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով փոխվարչապետ Բյուլենթ Արընչին:

 

ՊԱՏՃԱՌԸ
ԿԵՐՈՍԻՆՆ ԷՐ

Գերությունից խոշտանգված վիճակում 2014թ. մարտի 4-ին վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը հայտնի է: Նա մահացել է դիզվառելիքի ներարկումից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: «Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլեւ մի ամբողջ գերդաստանի»,-ասաց նախկին գերու դուստրը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կդիմեն Եվրադատարան:

 

 

ՄԵ՞Ր, ԹԵ՞ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լավ աշխատում է, նրա հետ ոչ մի խնդիր չկա»,- հերքելով իր ու Վ. Գասպարյանի լարված հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը` երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ձեր ցանկությունը չի իրականանա, մենք ոչ մի խնդիր չունենք»,- վստահեցրել է Աբրահամյանը, ով, ի դեպ, երեկվա կառավարության նիստում նկատողություն էր արել ոստիկանապետին՝ «շատ խոսելու» համար:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՔԵՌՈՒՆ ԱԶԱՏԵԼ Է

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է խորհրդարանը ազատել աշխատակազմի «հնաբնակներ»-ից: 168.am-ի տեղեկություններով՝ Թովմասյանի հորդորով աշխատանքից ազատվելու դիմում են գրել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանը եւ նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանը: Վերջինիս մասին ԱԺ աշխատակիցներն ասում են, որ նա ԱԺ նախկին նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի քեռին է:

 

 

ՎԵՐՋՆԱԳԻՐ՝
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Այսօր՝ ժամը 13:00-ին, Տերյան 23-25-ի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն իրենց շենքերի մոտ եւ կհրապարակեն հայտարարություն-նամակ՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 168.am-ին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանն ասել է, որ կառուցապատողը նամակներ է հղել բնակիչներին՝ պահանջելով ազատել տարածքը, տեղափոխվել նրանց հատկացվող նոր շենքը: Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսին ՀՀ կառավարությունը երրորդ անգամ՝ հօգուտ Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզի» ընկերության, բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց Տերյան 25-ի տարածքը:

 

 

ՆՈՐ ՀԴՄ
ԿՏՐՈՆՆԵՐ

Կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից եւ 2016թ. հունվարի 1-ից, ինչը նաեւ նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձեւով, այլ՝ ըստ ապրանքատեսակների: Հետաքրքիր է, թե այս «նոր սերնդի կտրոնների» թուղթը ով կներկրի, հին սերնդի օլիգարխ- պաշտոնյա Գագիկ Խաչատրյա՞նը, թե, այնուամենայնիվ, նոր սերնդի որեւէ յուրային:




Լրահոս