ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր երեկվա հրամանագրով Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու նոր վերջնաժամկետ է սահմանել՝ հոկտեմբերի 15-ը: Ընդ որում, նա արդեն երկրորդ անգամ է հետաձգում իր իսկ սահմանած վերջնաժամկետը. սկզբում հայեցակարգը պետք է ներկայացվեր մինչեւ ապրիլի 20-ը, հետո՝ հուլիսի 1-ը, հիմա արդեն նոր ժամկետ է սահմանված՝ հոկտեմբերի 15:

Առաջին հայացքից սովորական թվացող այս քայլն ունի քաղաքական լուրջ ենթատեքստ եւ մատնում է իշխանության ներսում ստեղծված ճգնաժամը: Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի համար ունի կենսական նշանակություն. անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգին, նա ցանկություն ունի դառնալ ԱԺ նախագահ՝ այդպես պահպանելով իր իշխանությունը: Պատահական չէ, որ դեռ ապրիլին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, թե ինքը չի ցանկանում երբեւէ առաջադրվել նախագահի պաշտոնում, չի ցանկանում դառնալ վարչապետ, բայց այդ շարքում «մոռացավ» բացառել ԱԺ նախագահ դառնալու հավակնությունները: Ընդ որում, խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելու մասին նա հայտարարեց Քառյակի համագործակցության ամենաակտիվ փուլում, երբ հրաժարական էր ներկայացրել Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Այն ժամանակ հաշվարկը պարզ էր. Քառյակի անդամներից ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը մշտապես հայտարարել են խորհրդարանական կառավարման համակարգի անցման անհրաժեշտության մասին, եւ Ս.Սարգսյանը հույս ուներ մի կողմից՝ զոհաբերելով Տ.Սարգսյանի կառավարությունը, մյուս կողմից՝ կատարելով սահմանադրական փոփոխությունների պահանջը, ստանալ իշխանությունը երկարաձգելու հնարավորություն, ձեռքի հետ էլ՝ կազմալուծելով ոչ իշխանական ուժերին ու ՀԱԿ-ին թողնել մենակ:
Միայն թե, Սերժ Սարգսյանի ծրագիրը չգործեց. ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը հայտարարեցին, որ մերժում են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը՝ այն համարելով ժամանակավրեպ: Միայն ՀՅԴ-ն էր շարունակում պնդել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, դաշնակցականները մասնակցում էին անգամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քննարկումներին: Սերժ Սարգսյանը նույնիսկ փոխեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու համար դեռ 2013թ.-ից հայտարարված վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ի փոխարեն սահմանելով հուլիսի 1: Այդ ընթացքում նա հույս ուներ «հետ բերել» գոնե ԲՀԿ-ին, եթե ստացվի՝ նաեւ «Ժառանգությանը»:
Բայց տեղի ունեցավ հակառակը. ու հիմա նույնիսկ ՀՅԴ-ն է դեմ սահմանադրական փոփոխություններին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներքին պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ կառավարությունը խոստացել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը, նույնիսկ ցույց տալ, որ այս հարցում մեծ է ՀՅԴ կառուցողական մոտեցման դերը, միայն թե՝ դաշնակցականները սատարեն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը: Սակայն վերջին պահին կառավարությունը «քցեց» ՀՅԴ-ին՝ հետ կանգնելով իր խոստումից ու սոցվճարների անվան տակ անցկացնելով պարտադիր կուտակային համակարգը: Հիմա ՀՅԴ-ն եւս չի սատարում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները՝ նրան այս հարցում թողնելով բոլորովին միայնակ:
Խոստովանենք, որ Ս.Սարգսյանի համար հիմա բավականին ծանր վիճակ է ստեղծվել. նրա նախաձեռնությանը չի սատարում ոչ ոք: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անգամ ՀՀԿ ներսում որոշակի դիմադրություն կա այս հարցում: Իսկ նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունների գնալու դեպքում Քառյակը, նրանց հետ նաեւ ՕԵԿ-ը լուրջ դիմադրություն ցույց կտան ու հանրաքվեն կտապալեն՝ այն վերածելով իշխանափոխության գործընթացի: Ուստի, ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան կրկին փոխել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը՝ այս անգամ մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ընդ որում, նա հիմա սպասելու է Քառյակի խոստացած «թեժ աշնան» քաղաքական զարգացումներին. ինչպես հայտնի է՝ չորս ուժերը խոստացել են 12 պահանջները մինչեւ սեպտեմբերի վերջ չկատարելու դեպքում համատեղ հանրահավաք անցկացնել: Բայցեւ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայելու մինչ այդ Քառյակի ներսում պառակտումներ սերմանելու համար: Արդյունքում միակ նպաստավոր լուծումը ժամկետի հետաձգումն էր, մինչ «բարեհաջող» ժամանակների վերադարձ, այլապես անպատեհ պահի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ներկայացման մեկնարկը կարող էր իշխանափոխության սկիզբ դառնալ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս