«Ես միանշանակ համաձայն եմ Ռ. Քոչարյանի հետ, քանի որ դա ասված է պետական շահի գերակայության նպատակակետից ելնելով»:
Միքայել Մելքումյան 1in.am
Եթե ԲՀԿ-ական պատգամավորը մասնակից չի եղել այդ գործընթացներին, ապա ինչպե՞ս է քաջատեղյակ: Թե՞ սա այն դեպքն է, երբ Ռոբերտ Քոչարյանի ասածն օրենք է եւ վերջ, քննարկման ենթակա չէ: Եվ ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ականը միանշանակ չհամաձայնել Քոչարյանի հետ: Ու կարեւոր էլ չէ, թե խոսքն ինչի մասին է գնում, որ Քոչարյանը կասկածելի է համարում Որոտանի հէկ-ի մասնավորեցման գործընթացն այն դեպքում, երբ իր օրոք երկրի էներգետիկ օբյեկտների մեծ մասը նույն կասկածելի ձեւերով հանձնվել է Ռուսաստանին: Եվ որքան էլ ասածը ճշմարիտ լինի, միեւնույն է՝ Քոչարյանը չէ, որ իրավունք ունի դրա մասին խոսել:
«Այն, ինչ Սերժ Սարգսյանի դեմ է, ամեն ինչ ողջունելի է։ Ես ողջունում եմ պայքարը, որտեղից էլ լինի Սերժ Սարգսյանի դեմ, այդքան բան»:
Տիգրան Կարապետյան Tert.am
Նման սկզբունքներով, ցավոք, առաջնորդվում է ոչ միայն Ժողովրդական կուսակցության նախագահը, այլեւ մեր բազմաթիվ քաղաքական գործիչներ, նաեւ առաջնորդում ժողովրդի մի հատվածին, որի արդյունքում ամեն անգամ երկրում իրավիճակը դեպի վատն է փոխվում: Մենք սովոր ենք վատ ղեկավարի դեմ պայքարում հույսներս դնել նախկին՝ ոչ պակաս վատ ղեկավարների վրա՝ մոռանալով, որ նույն մարդիկ իրենց պաշտոնավարության տարիներին կազմաքանդել եւ անխնա թալանել են երկիրը, եւ հնարավոր չէ, որ հանկարծ բարիացած լինեն: Մարդկանց արարքների նկատմամբ հիշողության կորուստը մեր ժողովրդի խնդիրներից մեկն է:
«Ես միայն մի բան գիտեմ. նա հաճույքով է աշխատում, օրվա, շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում է մարզի հեռավոր գյուղեր, պրոբլեմները նայում, հետո նորից է գնում. դա նշանակում է, որ ուզում է մի բան անել մարզի համար»:
Մաքսիմ Հակոբյան «Հրապարակ»
Օրվա, շաբաթվա մեջ մի քանի անգամ մարզի հեռավոր գյուղերը գնալն ու պրոբլեմները նայելը դժվար բան չէ, դժվարն այդ պրոբլեմները լուծելն է, որոնք Սյունիքի մարզում այդպես էլ չեն լուծվում, իսկ նայողներ՝ որքան ասես, մանավանդ, եթե նայողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահի որդին է եւ ժառանգականության սկզբունքով էլ մարզպետի պաշտոն է ստացել: Բայց միեւնույն է՝ չկարողացավ մարզն ազատագրել Սուրիկ Խաչատրյանի ստեղծած վախի մթնոլորտից, անգամ Գորիսի քաղաքապետի ընտրություններում չկարողացավ գոնե իր ընկերոջը չթողներ, որ ինքնաբացարկ ներկայացներ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ