ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջի-էֆ-սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպությունը դեռեւս 2010-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղատնտեսական նպատակային վարկեր է տրամադրել Արմավիրի Հայկաշեն գյուղի 5 տնտեսություններին: Սակայն այս նպատակային վարկերը գյուղացիների հոգսը թեթեւացնելու փոխարեն, նրանց հասցրել են կործանման եզրին: Վարկառու այս հինգ ընտանիքների մեջ է մտնում «Ժողովուրդ»-ին դիմած Հայկաշեն համայնքի բնակիչ Լարիսա Ասրյանը, ով տեւական ժամանակ է, ինչ փորձում է դատական ատյանների միջոցով վերականգնել իր ոտնահարված իրավունքները:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Լարիսա Ասրյանն այժմ միայնակ է ապրում, ամուսինն ու որդիները գտնվում են ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի: Խոսելով որդիների եւ ամուսնու մասին` տիկին Լարիսայի աչքերից անմիջապես արցունքներ թափվեցին:
Նրա պատմելով՝ վարկային կազմակերպությունը դատական գործ է հարուցել 4 ընտանիքի դեմ այն պատճառաբանությամբ, որ նրանք խախտել են պայմանը՝ ոչ նպատակային են օգտագործել վարկը, իսկ իր դեմ ներկայացված հայցն անհիմն է: Լարիսա Ասրյանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է 2010 թվականին՝ մարման 5 տարվա ժամկետով եւ 12 տոկոսով՝ 520 քմ ընդհանուր մակերես ունեցող երկու ջերմոց ստեղծելու նպատակով: Մեր զրուցակցի պատմելով՝ վարկը ձեռք բերելու հաջորդ տարում՝ 2011 թվականի ապրիլի 24-ի փոթորիկից հետո, ջերմոցի պոլիէթիլենային ծածկն ամբողջությամբ վնասվել է, ինչի համար էլ Լարիսայի ամուսինը՝ Արծրուն Սարիբեկյանը, նորից դիմել է «Ջի-էֆ-սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպությանը եւ խնդրել 500 հազար դրամ՝ ջերմոցը վերանորոգելու համար: Այս անգամ ընկերությունը վարկը տվել է 24%-ով՝ շուրջ 200 հազար դրամ: Մինչդեռ տիկին Լարիսան պնդում է, որ այն ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դեռ գործում էր, սակայն վարկային կազմակերպությունը գումարը 6 տոկոսով չի սուբսիդավորել, ինչը պետք է աներ ՀՀ կառավարության որոշմամբ:
Արդյունքում 2012 թվականին տոկոսները փակելով՝ ընտանիքը չի կարողացել փակել մեծ վարկի մայր գումարը, ինչի արդյունքում ստացել է տույժեր: «Ոչ մի կերպ չընդառաջեցին: Ընկերությունը 5 տարով վարկ վերցրած գյուղացիներից դատարանի միջոցով գումարը պահանջում էր, ինչի համար էլ չորս տնտեսություններ ստիպված եղան խախտելով պայմանագիրը՝ քանդել ու վաճառել իրենց ջերմոցները: Մինչդեռ, համաձայն վարկի պայմանների՝ եթե գումարը նպատակային չի օգտագործվում, ապա ընկերությունն իրավունք ունի միանգամից հետ ստանալ գումարը: Ես չգնացի այդ քայլին, չվաճառեցի ջերմոցը: Վարկը նպատակային եմ օգտագործել՝ ջերմոցները չեմ վաճառել, չեմ քանդել»:
Այս ամենից հետո, Ասրյանի խոսքով՝ վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով ողջ գումարը: «Նրանց այս քայլն անօրինական է, քանի որ ընկերությունն իրավունք կունենար դա անել միայն այն դեպքում, երբ ես ոչ նպատակային օգտագործած լինեի գումարը, եթե երկու ամիս տոկոսները չվճարեի կամ էլ իրավական խախտում թույլ տված լինեի: Բայց ինձ դատի տալն անհիմն էր: Ընկերությունը կեղծ տույժեր է գրել իմ վրա»,- վստահեցրեց դժգոհող քաղաքացին՝ ընդգծելով, որ ինքն ունի բոլոր անհրաժեշտ պայմանագրերը, վճարումների բոլոր ստացականները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Ջի-էֆ-սի ջեներալ ֆայնենշլ ընդ քրեդիթ քոմփանի» վարկային կազմակերպության իրավաբան Համլետ Գրիգորյանի հետ, ով ասաց. «Տվյալ քաղաքացին դիմել է բոլոր դատական ատյաններին եւ բոլորն էլ համարել են, որ նա սխալ է: Ինքը իր ստացած վարկը չի մարում: Ընդամենը մի քանի ամիս է վճարել: Մեզ մոտ կա նաեւ փորձագիտական համապատասխան եզրակացությունը: Երեք դատարաններն էլ քննարկել են այդ հարցերը եւ բոլորն էլ համարել են, որ մեր ընկերությունը ճիշտ է: Ինքը երկու վարկ է վերցրել մեր ընկերությունից, մեկը՝ 5 մլն 500 հազար դրամ, իսկ մյուսը՝ 200 հազար դրամ: Նա հրաժարվում է վճարումներ կատարելուց: Մինչդեռ այդ նույն համայնքից չկա մարդ, ով պարտք ունի: Միայն նույն վարկառուի եղբայրը՝ Գնել Սարիբեկյանն է պարտք: Ի դեպ, վերջինիս սեփական տունն առաջիկայում աճուրդի է դրվելու»:
Նշենք, որ Լարիսայի ամուսինը` Արծրուն Սարիբեկյանն, այս դատական քաշքշուկի արդյունքում միկրոինֆարկտ է ստացել: Եվ այս վիճակով էլ նա հիմա ՌԴ-ում է` արտագնա աշխատանքի: Մյուս վարկառուները նույնպես ընկերության պարտքերից ազատվելու նպատակով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն` գումար աշխատելու: Ինքը` Լարիսա Ասրյանը, պատրաստվում է առաջիկայում դիմել Եվրոպական դատարան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս