«ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԼՈԼԻԿ ՉԻ ՇՊՐՏԵԼ ԱՐՏԻՍՏԻ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին զգալիորեն վերելք է ապրել հայկական ռոքը: Ստեղծվել են նոր, երիտասարդ ռոք խմբեր, որոնք ելույթ են ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ մասնակցում են միջազգային մի շարք փառատոների: Թե Հայաստանում որքանով է ռոք երաժշտությունը գտնում իր լսարանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեցին «Դոգմա» ռոք խմբի երաժիշտները:

ԴՈԳՄԱ – Հայկական էթնիկ-պրոգրեսիվ ռոք (մետալ խումբ. կազմը` Զառա Գեւորգյան – վոկալ) խոսքեր, Հենո Գրիգորյան- կիթառ ( երաժշտության հեղինակ Վարդան Գրիգորյան – բաս, Դերիկ Վարդումյան – հարվածայիններ).
Ինչպե՞ս կազմավորվեց խումբը:
Վարդան. Խումբը ստեղծվել է դեռեւս 2008 թվականի հունվարի սկզբին: Մինչ դա ես ու Հենոն արդեն վաղուց միասին նվագում էինք մեկ այլ ռոք խմբում, որը հետո ցրվեց: Ճակատագրի բերումով, մի օր մեր ստուդիայում հայտնվեց մի աղջիկ, ով բերել էր իր ձայնագրությունները, որպեսզի մենք` որպես երաժիշտներ, լսեինք դրանք: Նա ուներ իր ուրույն մտածելակերպը, շատ հետաքրքիր երաժշտական գաղափարները, իր բողոքը աշխարհին: Հենց նա էլ խթան հանդիսացավ մեզ համար, քանի որ իմ ու Հենոյի մոտ բազում գաղափարներ կային, որոնք գնացին արդեն լրիվ նոր ուղղությամբ: Իսկ հարվածային գործիքներ նվագող Դերիկին արդեն ճանաչում էինք երաժշտական աշխարհից, զգում էինք, որ նման ենք, առաջարկեցինք համագործակցել եւ կազմավորվեց մեր խումբը:
-Ինչպիսի՞ նպատակներ եք Ձեր առջեւ դրել, արդյոք ծրագրո՞ւմ եք միջազգային ասպարեզ դուրս գալ:
Վարդան. Խումբն արդեն միջազգային ասպարեզում է, քանի որ այնպես է ստացվել, որ մեր լսարանն ավելի շատ Հայաստանից դուրս է: Օրինակ` մեր առաջին ալբոմը, որը լույս տեսավ 2009 թվականին, ամբողջությամբ սպառվեց Հայաստանից դուրս: Բացի այդ, կարծում եմ` պետք չէ երաժշտությունը դնել ինչ-որ սահմանների մեջ եւ բավարարվել միայն այստեղով, պետք է ձգտել միջազգային չափանիշների։ Յուրաքանչյուր երաժշտի նպատակն էլ դա է. անել ինչ-որ համամարդկային բան, ունենալ ավելի նոր, ավելի հետաքրքիր լսարան, մեզ հետաքրքիր էր, օրինակ, տեսնել՝ գերմանացի կամ հոլանդացի լսարանն ինչպիսին է:
-Ռոքը բոլոր ժամանակներում ընկալվել է որպես ընդվզող, պայքարող երաժշտություն: Դուք ինչի՞ դեմ եք ընդվզում:
Հենրիկ. Կարծում եմ` դա ուղղակի պիտակ է. իրականում ռոքն ավելի ազատամիտ, ազատություն սիրող մարդկանց երաժշտություն է: Մարդիկ, ովքեր սիրում են մտքի ազատություն, իրենց երաժշտությունն է ռոքը: Իսկ եթե դրա համար պետք է պայքարել, դա արդեն պատճառահետեւանքային կապն է: Ռոք երաժշտական ժանրը ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում էին իրենց վրայից թոթափել կոմպլեքսները, ուրիշի կարծիքից կախված լինելը:
-Հայաստանում ռոքն ունի՞ իր լսարանը:
Վարդան. Այո, իրականում Հայաստանը շատ դժվար սոցիալական վիճակում գտնվող երկիր է, եւ այս պայմաններում թեկուզ այն մի քանի խումբն էլ, որ մենք ունենք, բոլորովին քիչ չէ: Ավելի շատ չէր կարող լիներ, քանի որ ռոք լսարանը հիմնականում կենտրոնացած է Երեւանում, մի քիչ էլ Վանաձորում: Մյուս քաղաքներում այնքան սուր է դրված օրվա հացի խնդիրը, որ ոչինչ տեղի չի ունենում: Բայց, անկասկած, այնտեղ էլ կլինեն շատ ունակ ու տաղանդավոր մարդիկ, որ կարող են լավ երաժշտություն ստեղծել, ուղղակի հիմա դեռ դրա ժամանակը չէ:
-Ինչ եք կարծում, ինչո՞ւ է Հայաստանում այսօր որակյալ երաժշտությունն այսքան քիչ:
Վարդան. Երեւի դա գալիս է նրանից, որ միջոցառումներն արվում են ուղղակի, ձեւական. ասենք՝ շատ մեծ բեմ է դրվում, անիմաստ ծախսեր են արվում, բայց բեմի վրա ինչ-որ կապիկ է անիմաստ պտտվում: Ու դրան հակառակ մի փոքր բեմում ինչ-որ խումբ է նվագում` օրեր շարունակ պատրաստվելով, տեխնիկապես հագեցած, բազում մասնագետներով եւ այլն: Եթե բոլորն այդպես լինեն, մեզանում որակը կբարձրանա, հանդիսատեսն էլ կգնա համերգների` իմանալով, որ արժեքավոր բան կտեսնի:
Հենրիկ. Ես կարծում եմ` երեւի դա էլ հետեւանք է. պատճառն այն է, որ մեր հանդիսատեսը երբեք լոլիկ չի շպրտել արտիստի վրա, այդ պատճառով էլ արտիստը պատասխանատվություն չի զգում: Ցանկացած այլ երկրում, երբ հանդիսատեսին դուր չի գալիս տվյալ երգիչը, նա իր վերաբերմունքն անպայման արտահայտում է, իսկ մեզ մոտ արտիստների համար համերգը քեֆ-ուրախություն է դարձել, ձգվածությունը չկա հանդիսատեսի առջեւ:

ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

 

ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԺԱՅՌԻ ՏԱԿ

Իսպանական Սեթենիլ դե լաս Բոդեգաս քաղաքը, որն ունի մոտ 3.000 բնակչություն, կառուցվել է հսկայական ժայռի տակ։ Այժմ դժվար է պատկերացնել, որ քարանձավային ոճով կառուցված տունը հարմարավետ է ապրելու համար, սակայն, համաձայն ուսումնասիրությունների՝ մարդիկ ապրել են այս քաղաքի իրական քարանձավներում դեռեւս նախապատմական ժամանակաշրջանում: Այժմ Սեթենիլ քաղաքը հայտնի է իր բարերով ու ռեստորաններով, այնպես, ինչպես հայտնի են տեղացի վարպետներն՝ իրենց համեղ գինիներով, ձիթապտղի ձեթով, մուրաբաներով եւ մեղրով: Տարվա յուրաքանչյուր եղանակի տեղի շուկաներում եւ սրճարաններում կարելի է հանդիպել բազմաթիվ զբոսաշրջիկների։




Լրահոս