ՀԱՐՑ. Ես ունեմ սոցիալական փաթեթ եւ ուզում եմ մանրամասն տեղեկանալ, արդյոք ծածկվո՞ւմ են արդեն իսկ առկա հիվանդությունները բազային փաթեթով, թե ոչ:
Արսինե Գալստյան (34 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, սոցիալական փաթեթի ներքո տրամադրվող ծրագրերով բժշկական ծախսերը հատուցվում են անկախ հիվանդության առաջացման ժամանակից, այսինքն՝ եթե անգամ մինչ վկայագրի կնքումն առկա է որեւէ հիվանդություն, որը ներառված է ներկայացված ծրագրերի ծածկույթում, վկայագիրը կնքելուց հետո 15-րդ օրվանից կարող եք այն բուժել եւ բուժման ծախսերը կհատուցվեն մեր ընկերության կողմից:
«Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առողջական խնդիրներ ունեցող եւ նշված փաթեթից օգտվելու հնարավորություն ունեցող մեր հայրենակիցներն, անշուշտ, կարող են օգտվել նշված ծառայության հնարավորություններից: Անհասկանալի է, սակայն, թե ինչպես է ստացվել, որ արդեն քանի տարի գործող ծրագրի իրազեկման խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում եւ հասարակության շրջանում սոցփաթեթների վերաբերյալ հարցերը ոչ մի կերպ չեն նվազում: Իսկ տեղեկացվածության պակասն, անկասկած, հանգեցնում է այն բանին, որ չիմացության հետեւանքով անվճար բուժման կամ հանգստի հնարավորություն ունեցող քաղաքացին այդպես եւ չի օգտվում իր վաստակած եւ իրեն հասանելիք ծառայություններից:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն տրամադրելն ի՞նչ գործընթաց եւ հատկապես ի՞նչ ժամկետներ է ենթադրում:
Հրաչուհի Մելքոնյան (48 տարեկան, դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը, կազմում է ներկայացված հայտերի ցանկը եւ այն տրամադրում կոմիտեի նախագահին: Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով իր նախագահությամբ ստեղծվում է հանձնաժողով` կազմված գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտերի գնահատման գործընթացը:
Հանձնաժողովի կողմից գնահատման արդյունքների հիման վրա կոմիտեի նախագահը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով երիտասարդ գիտնականների դպրոցների համար նախատեսվող հատկացումների չափից, հաստատում է երիտասարդ գիտնականների դպրոցների նախնական ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվում են կոմիտեի կողմից ներկայացվող հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում: ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է ֆինանսական աջակցության երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ նվազագույնը 15 աշխատանքային օր կպահանջվի մինչեւ այս գործընթացը կայանա եւ հասնի իր տրամաբանական ավարտին: Չնայած հարկ է նկատել, որ նման հարցերը լուծում ստանում են նշված ժամկետներից փոքր-ինչ ավելի ուշ: