Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ կառուցվելիք ավտոմայրուղին չի վնասի Դալմայի ագիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երևան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս: “Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում”,- նշել է քաղաքապետը: Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին:Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետևանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթևեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:Քաղաքապետը հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: “Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: “Կանաչ Երևան” կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ”,-նշել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած “Ձեզ համար կանայք” անվճար բուժօգնության մեկամսյակին` քաղաքապետը հանձնարարել է պատշաճ ձևով իրազեկում ապահովել, թե առողջապահական որ հաստատություններում են տրամադրվելու համապատասխան անվճար բուժծառայությունները: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ցանկը և նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:




Լրահոս