Արտաշես Գեղամյանը ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն:
Իհարկե, դժվար է հարյուր տոկոսով պնդել, որ տվյալ դեպքում Գեղամյանի «մենք»-ը Հայաստանի Հանրապետությունն է, ցանկության դեպքում դա կարելի է ներկայացնել որպես մեկ առանձին պատգամավորի դիրքորոշում: Մյուս կողմից, սակայն, բոլորին է հայտնի, որ Ա. Գեղամյանը պատահական մեկը չէ. նա ՀՀ ԱԺ-ում ներկայացնում է իշխանական խմբակցությունն ու բացահայտորեն սպասարկում է ռուսական շահերը, եւ, ի վերջո, միակ մարդն է, ում գրքերի շնորհանդեսներին իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում մասնակցել է երկրիս բանասեր նախագահը (բացառությամբ Վ. Իսրայելյանի գրքի շնորհանդեսի): Հետեւաբար` Գեղամյանը չէր կարող հենց այնպես ինչ-որ բան ասել:
Առավելեւս, որ Մամիկոնիչի՝ վերը նշված միտքը երեկ զարգացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հայտարարելով, թե «մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գոռգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի ԵՏՄ, միեւնույն է՝ այդ հարցը լուծողը մենք չենք»:
Այսպիսով` իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արդեն հայկական լրատվամիջոցին հստակ ասում է, որ Հայաստանը չի ընդդիմանալու Ադրբեջանի անդամակցությանը: Սա նշանակում է, որ ամեն գնով Ադրբեջանի անդամակցությանը հասնելու որոշումը ԵՏՄ անդամների կողմից կայացված է, եւ այդ մասին հստակ տեղյակ է պահված ՀՀ իշխանությանը: Ավելին՝ ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավարն իր գնահատականը փորձում է ներկայացնել ծայրաստիճան վտանգավոր հիմնավորմամբ. «Ա. Գեղամյանը դիվանագիտորեն հասկացրել է ադրբեջանական կողմին, որ ԵՏՄ անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն, ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը եւ դեմ առ դեմ խոսի խնդրի մասին»:
Դժվար է հավատալ, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղյակ չէ, որ Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի` դեմ առ դեմ խոսելու միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ուստի ստացվում է, որ Վ. Բաղդասարյանն, ըստ էության, բացահայտում է սպասվող զարգացումները` Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Մինսկի ֆորմատից ԵՏՄ տեղափոխելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է նրա այն պնդմանը, թե Ադրբեջանի անդամակցության հարցը լուծողը մենք չենք, ապա դա Աստանայից հետո այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Չդառնալով ԵՏՄ հիմնադիր անդամ` ՀՀ-ն զրկվեց որեւէ` այդ թվում եւ Ադրբեջանի անդամակցության հարցում, վետո դնելու իրավունքից: Անհասկանալի է միայն ոգեւորությունը, որով ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձանագրում է այդ խայտառակ ձախողումը:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ