«ԼԱՎԱՏԵՍ» ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԽՐԱՄԱՏՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշում եք՝ հունիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն հրաժարվում է Արցախի սահմանին մոնիթորինգ իրականացնել, քանի որ այն վտանգավոր է իրենց թիմի անդամների կյանքի համար: Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա անկանխատեսելի իրավիճակն անհանգստացրել էր նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչին: Ու փոխանակ այս ազդակին ականջալուր լինելու, երեկ ՀՀ-ում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ներկայում շատ աննշան առաջընթաց կա բանակցություններում»: Թե ինչ առաջընթացի մասին է խոսում դեսպան Հեֆֆերնը, դժվար է ասել, որովհետեւ հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են սովորական երեւույթ, ադրբեջանական դիպուկահարները կրակում են ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ ՀՀ-ի սահմանի ողջ երկայնքով: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են գրեթե պատերազմական դրության պայմաններում. արդեն տուժում են խաղաղ բնակիչները: Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փոխանակ կատարվածին գնահատական տալու, խոսում է ինչ-որ առաջընթացի մասին՝ թերեւս հետ չմնալով իր գործընկերոջից՝ ՌԴ դեսպան Վոլինկինից, ով Նախիջեւանի սահմանին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ ջայլամի պահվածք էր ընդունել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ: Դե իհարկե, Մոսկվան ավելի կարեւոր հարցեր ունի Հայաստանում լուծելու, քան ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Մեզ մնում է հիշատակել Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքերն այն մասին, որ «եթե մարդ կա, որ չի լսում կրակոցները, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլեւ տեսնի»: Մնում է՝ աչքեր ու ականջներ ունենան:

Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլեւ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խորհրդակցությունը փակ է եղել եւ որեւէ մանրամասն չի հաղորդվում, սակայն սեփական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քննարկվել են էլեկտրաէներգայի սակագների բարձրացման հարցն ու դրա հետեւանքով ստեղծվելիք վիճակը: Մասնավորապես, խոսվել է, թե կառավարությունն ինչպես կարող է ազդել սակագների բարձրացման վրա: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել կառավարությունից, թե ինչ փակ նիստ է եղել, լրատվական ծառայությունից ընդամենը չհերքեցին լուրը: Սակայն պարզ է, որ գործադիրում անհանգստացած են թե՛ այսօր սպասվելիք զանգվածային ակցիայից, թե՛ էլէներգիայի թանկացումների հետ կապված հետագա զարգացումներից ու ընդվզումներից: Նշենք, որ էլէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հանձնաժողովի նիստը նախատեսված է այսօր՝ հուլիսի 1-ին:

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ՝ ապարդյուն: Համաձայն մեր աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ, թերեւս, ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ արդյոք ինքը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, եւ այդ հարցում արժե՞ ակնկալել Ռուսաստանի աջակցությունը: Տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին ուղղված մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան:

Չնայած ՀՀ տարբեր կառավարությունների կողմից արված հավաստիացումներին, թե Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը զարգանում է, ծաղկում ապրում, այնուամենայնիվ, պաշտոնական տվյալները հակառակն են ապացուցում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-մայիս ամիսների տվյալների, որոնք համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, խանութներում առեւտրաշրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ահա կրպակներում անկում է տեղի ունեցել՝ 15.1 տոկոսի չափով: Անկումը գրանցվել է սպառողական ապրանքների շուկայում՝ 14.7 տոկոս, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում՝ 6.5 տոկոս: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ աճը գրանցվել է միայն «առեւտրի այլ օբյեկտներ»-ում՝ 16.9 տոկոս. որոնք, ի դեպ, շարժիչային ու կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի օբյեկտներն են՝ «կալոնկաները»: Այսինքն՝ աճը, ինչպես տեսնում ենք, ապահովել են Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի, ու դիզվառելիքի շուկայի մյուս մեծահարուստների համար:




Լրահոս