ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է շարունակել մոտ մեկ տարի առաջ սկսված համագործակցությունը “Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում” ծրագրի շրջանակում: Հիշյալ ծրագրի մասնակից 11 լավագույն դպրոցներին հանձնվել են մրցանակներ` պատվոգրեր և համակարգչային տեխնիկա: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին` “Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում” ծրագրի համար և նշել, որ հիմնական նպատակը կրթական հաստատությունների` աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը նպաստելն ու դպրոցների պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է: “Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, որպեսզի կարողանանք բարելավել գիտելիքներն աղենտներին պատրաստված դիմակայելու համար: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի “Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում” ծրագրին մասնակցող դպրոցների թիվն ընդլայնվի”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ այս ծրագիրը մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ Հայաստանը սեյսմիկ առումով գտնվում է ռիսկային գոտում: Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցել են 78 հանրակրթական դպրոցներ, որոնք մշակել և ներկայացրել են աղետներին դիմակայելու իրենց ծրագրերը: Նրանցից 11-ը խրախուսվել են` առաջին տեղը գրաված մասնակիցները ստացել են նոութբուքեր, երկրորդ տեղը` համակարգիչներ, իսկ երրորդ տեղը` տպիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կառավարության կողմից գույքագրվել են վթարային դպրոցական շենքերը, որոնք դպրոցաշինական առաջիկա ծրագրերում առաջնահերթություն կունենան: Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ Հայաստանում ստեղծվել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որում ներառված են բոլոր կրթական հաստատությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆիանա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը կարևորել են աղետների ռիսկերի կառավարման կրթությունը, նշելով, որ այն համաշխարհային մարտահարավեր է:
Պարգեվատրվել են աղետներին դիմակայելու ծրագրին մասնակից դպրոցները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ