Հունիսի 29-ին Վարդենիսում տեղի ունեցած ուժեղ փոթորկի հետեւանքով տուժած քաղաքացիները, ինչպես հայտնի է, երեկ ողջ օրը փակել էին Վարդենիս մտնող ավտոճանապարհը եւ պահանջում էին իրենց ավերված տների համար իրական փոխհատուցում տալ:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` պարզելու, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարդենիսցիներին օգնելու համար:
-Պարոն մարզպետ, Վարդենիսում աննախադեպ աղետ է տեղի ունեցել եւ ուժգին քամու հետեւանքով փլվել են տասնայկից ավելի մարդկանց բնակարաններ: Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը` բնակիչներին օգնելու համար:
-Ես տեղյակ եմ, թե ինչ ավերածություններ է գործել քամին: Իսկապես, մարդիկ լուրջ կորուստներ են կրել: Այսպիսի բան տասնյակ տարիներ առաջ է եղել: Երեկ քամուց հետո անմիջապես հոսանքազրկվել էր քաղաքի մի հատվածը, դադարեցվել էր գազամատակարարումը: Oպերատիվ կերպով արձագանքեցի եւ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի միացման հարցերն արագ կարգավորվեցին: Երեկ օրվա վերջում էլ քանդված բնակարանների էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման հարցերը կարգավորվեցին տարածքային մասնաճյուղերի կողմից:
-Բայց բնակիչների համար էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման վերականգնումից զատ անհրաժեշտ է նաեւ տանիք: Վարդենիսցիներից շատերը քնել են տանը, արթնացել փլատակների մեջ: Այդ ուղղությամբ ի՞նչ եք արել:
-Նաեւ հանձնաժողով ենք ձեւավորել, որը հաշվարկում է բնակիչների ստացած վնասի չափը:
-Պարոն Գրիգորյան, միայն հաշվարկներով մարդանց տանիքը չի կառուցվի: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում գործադիրի կողմից: Որպես մարզային իշխանության ներկայացուցիչ, կարո՞ղ եք ասել` ինչ փոխհատուցում է տրվելու բնակիչներին: Կամ տրվելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ:
-Ուրեմն ասեմ ձեզ, որ քանի դեռ հաշվարկված չէ վնասի չափը, խոսք չի կարող լինել փոխհատուցման մասին: Զրուցել եմ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ եւ ներկայացրել խնդիրը: Բացի այդ, օրվա վերջում արդեն զրուցել եմ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ նա ինձ խոստացել է, որ անպայման փոխհատուցում կլինի վնասի չափի հաշվարկից հետո: Կոնկրետ հանձնարարություններ է տվել այդ ուղղությամբ:
-Երեկ մարդիկ հավաքվել էին, փակել Վարդենիս մտնող ավտոճանապարհը եւ պահանջում էին ՀՀ կառավարությունից որեւէ ներկայացուցիչ հանդիպի իրենց: Ինչո՞ւ որեւէ մեկն ընդառաջ չգնաց բնակիչների բողոքին: Դուք էլ չհանդիպեցիք մարդկանց:
-Ես անմիջապես ձեւավորել եմ հանձնաժողով՝ մարզպետարանի երկու վարչության պետերի գլխավորությամբ՝ մեկը քաղաքաշինության, մյուսը տարածքային կառավարման վարչություններից: Նրանք սկսել էին վնասի չափի հաշվարկը: Բայց երբ մարդիկ դուրս եկան փողոց, փակեցին այն, ես հանձնարարեցի մարզպետարանի երկու վարչության պետերին թողնել աշխատանքը կիսատ եւ գնալ մարդկանց հետ զրուցելու: Նրանց հետ մշտապես կապի մեջ եմ եղել եւ բոլոր բնակիչների խնդիրների մասին ինձ անմիջապես զեկուցվել է: Բացի այդ, ես վաղը (արդեն այսօր) առավոտյան 11-ին կգնամ Վարդենիս, կհանդիպեմ բնակիչներին: Որեւէ խնդիր չկա նրանց տեսնելու հարցում: Հանձնարարել եմ նաեւ ողջ գիշեր հաշվարկել, ներկայացնել վնասի չափը, որպեսզի հնարավոր լինի մարդկանց օգնել:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ մարդկանց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը սկսել է ահաբեկել, թե՝ եթե մնաք ճանապարհի վրա, չգնաք տուն, կհայտնվեք «սեւ ցուցակում» եւ ձեր փլված տան հարցը չի լուծվի, փոխհատուցում չեք ստանա:
-Չի կարող նման բան լինել: Ոստիկանությունը հսկում է հասարակական կարգը: Ահաբեկելու խնդիր էլ չկա: Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, թեեւ կարող են սպասել, ես խոստացել եմ, որ առավոտյան կգնամ եւ տեղում բոլոր խնդիրներին կծանոթանամ ու ՀՀ վարչապետի հանձնարարությունների մասին տեղյակ կպահեմ բնակիչներին: Հասկանում եմ, որ մարդիկ վշտացած ու զայրացած են, բայց բնության արհավիրքների դեմ անկարող են բոլորը: Հետեւաբար պետք է մի փոքր համբերել, մինչեւ խնդիրը կարգավորվի: Կառավարությունը մեր բնակիչներին մենակ չի թողնի աղետի հետեւանքների հետ: Փոխհատուցումն անպայման լինելու է` հաշվարկից հետո:
(Տես նաեւ էջ 5)
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ