ՀՀԿ-Ն ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ Է ՀԱՇՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանի մի քանի դպրոցներում դասվարներն աշակերտներին հանձնարարում են տանից բերել չափահաս, այսինքն` ընտրության իրավունք ունեցող ընտանիքի անդամների տվյալները: Մարդահամարը վաղուց արդեն անցյալում է, բայց դպրոցներում` հենց ընտրությունների նախաշեմին, անհասկանալի պատճառներով շարունակվում է մարդկանց հաշվարկը: Պարզելու համար դպրոցի տնօրենի` Լուսինե Դանիելյանի նախաձեռնած հաշվարկների իրական պատճառը,  «Ժողովուրդ»-ը դիմեց  լրագրողական մի քայլի, որն ընդունված է օգտագործել ամբողջ աշխարհում:
Գնալով Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոց` ներկայացանք որպես աշակերտներից մեկի քույր,  ուսուցիչներից մեկին տվեցինք  անունների մի ցուցակ եւ ասացինք, որ երեխայի մայրն անձամբ չէր կարող գալ, ուստի խնդրել է փոխանցել ցուցակը: Այնուհետեւ խնդրեցինք պարզաբանել` ճիշտ ձեւով ենք արդյոք գրառել այն, թե ոչ: Դասվարները մեզ, բնականաբար, ասացին, որ նման անունով աշակերտ իրենց դպրոցում չկա, ու չեն կարող որեւէ բանով օգնել: Այնուհետեւ գնալով բուֆետ` զրուցեցինք չորրորդ դասարանի դասվարներից  տիկին Մարտիրոսյանի հետ: Այնտեղ գտնվող այլ ուսուցիչներ, ինչպես նաեւ Մարտիրոսյանը,  տեղեկացրին, որ նման աշակերտ չունեն, բայց նաեւ հավելեցին, որ անհրաժեշտ է գրել անուն-ազգանուն, հասցե եւ հեռախոսահամար: Այն հարցին, թե ինչի համար է անհրաժեշտ ընտանիքի անդամների ցուցակը, դասվարը   պատասխանեց` ընտրությունների, իսկ երբ հարցրինք, թե ընտրությունների համար ինչ են անելու այդ ցուցակը, քմծիծաղով պատասխանեցին` դե հիմա:
Այնուհետեւ զանգահարելով դպրոց` ներկայացանք պատահական աշակերտներից մեկի ծնողի անունով, ասացինք, որ մենք Հանրապետական կուսակցության անդամ ենք ու ցանկանում ենք իմանալ` արդյոք Հանրապետականի համար են վերցնում տվյալները, թե ոչ, որովհետեւ լսել ենք,  որ այլ կուսակցություններ էլ են նման բան անում: Մեզ հետ զրույցում դպրոցի փոխտնօրենը պատասխանեց. «Այո՛, իհարկե  Հանրապետականի համար է, եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկե՛ք ցուցակը, մեր դպրոցը, դե գիտեք, Հանրապետական ուղղվածությամբ է` Միրիջանյան, Գալուստ Սահակյան բան»: Մենք էլ ասացինք, եթե հաստատ իմանանք Հանրապետականի համար է, ուղարկենք, որ ընտրություններին հանկարծ մեր ձայները ուրիշին չգնան, փոխտնօրենն էլ. «Չէ՛, Հանրապետականի կողմնակիցներին ենք ուղղակի հաշվում, թե չէ ընտրություններին Դուք ում ուզում եք` ընտրելու եք, մենք ուղղակի կողմնակիցներին ենք հաշվառում»: Եթե Հանրապետական կուսակցությունը, դպրոցի փոխտնօրենի խոսքերով ասած, կողմնակիցներին է հաշվառում, ապա ինչո՞ւ մեր ձեռքից այսօր չվերցրին պարզապես մարդկանց անուններով լրացված ցուցակ եւ ասացին, որ անհրաժեշտ է նաեւ հասցե եւ հեռախոսահամար գրել: Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ ղեկավարության՝ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին խոստումներն այս անգամ եւս մնալու են օդի մեջ:  

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս