ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԳԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվել են աջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու եւ սահմանափակումներ մտցնելու հարցում: Ու հիմա ՌԴ-ն այս հարցում մնացել է միայնակ:

Ինչպես նկատեցիք՝ Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ՌԴ նախաձեռնությունը մերժել են հենց Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ երկրները: Իսկ առանց նրանց համաձայնության, ՌԴ-ն միայնակ չի կարող Ուկրաինայից եկող ապրանքների նկատմամբ մաքսային սահմանափակումներ կիրառել: Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասն ընդգծել, որ «իրենք Կրեմլի առաջարկին կտրուկ դեմ են արտահայտվել, քանի որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի եվրաինտեգրումը Մաքսային միության տնտեսության վրա, հապշտապ որոշումներ կայացնելու կարիք չկա»:
Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու Ղազախստանը ՌԴ-ի հետ միասին գտնվում են մեկ ընդհանուր տնտեսական միավորման կազմում, այնուամենայնիվ, իրենց որոշումներում ինքնուրույն են եւ առաջնորդվում են սեփական երկրների շահերով, այլ ոչ թե ՌԴ թելադրանքով: Սա, իհարկե, նման առաջին դեպքը չէ: Դեռ այս տարվա մարտին ՄԱԿ գլխավոր ասամբլեայում Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելու մասին Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի քվեարկության ժամանակ, օրինակ, Ղազախստանը ձեռնպահ էր քվեարկել:
Ասել է թե՝ այն ժամանակ էլ Ղազախստանն էր ինքնուրույնություն դրսեւորել: Մինչդեռ, նույն ՄԱԿ գլխավոր ասամբլեայում Հայաստանը, չնայած սկզբում հայտարարել էր, թե ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին, այնուամենայնիվ, վերջին պահին ՌԴ-ի ճնշման ներքո դեմ քվեարկեց: Արդյունքում՝ Հայաստանը վաստակեց ՌԴ-ի կցորդի համբավ եւ, ըստ էության, իր դեմ տրամադրեց միջազգային հանրությանը:
Նկատենք, որ Բելառուսն ու Ղազախստանը հենց նման պահվածքի շնորհիվ այսօր գործոն են միջազգային ասպարեզում, առավելեւս՝ Եվրասիական տնտեսական միությունում: Որքան էլ նրանց որոշումները երբեմն-երբեմն չհամընկնեն ՌԴ դիրքորոշման հետ, այնուամենայնիվ, ինքնուրույն կեցվածքի հետ ՌԴ-ն ստիպված է հաշվի նստել, ի տարբերություն Հայաստանի պարագայում, որտեղ բացակայում է ինքուրույնության նշույլն իսկ:
Իսկ ի՞նչ է վաստակել Հայաստանը ՌԴ-ի հանդեպ իր «անմնացորդ նվիրվածությամբ». պարզվում է՝ ոչինչ: Հակառակը՝ Եվրասիական տնտեսական միությանն օր առաջ անդամակցելու ջանքերին ու Սերժ Սարգսյանի թախանձագին խնդրանքներին մի շարք խնդիրներ դեռ մնում են անլուծելի, հետեւաբար՝ հետաձգվում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը: Ասել է թե՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի համաձայնվել գնալ զիջումների: Հայաստանն այսօր միայնակ է մնացել նաեւ ԼՂ խնդրում: Սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները վերջերս ավելի են հաճախակիացել՝ կրելով պարբերական բնույթ. ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակոցները զուգորդվում են դիվերսիոն գործողություններով, ադրբեջանական դիպուկահարները վերջին օրերին սկսել են գնդակոծել նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Ինչպես հայտնի է, ուրբաթ-շաբաթ օրերին պարբերաբար կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ, արդյունքում վնասվել են բնակիչների տները, պայթեցվել գազատար խողովակները եւ այլն:
Ու չնայած հաճախակի դարձած կրակոցներին, միջազգային հանրությունը մինչեւ հիմա որեւէ կերպ չի միջամտել. ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ համանախագահ երկրների ղեկավարները, ո՛չ ՀԱՊԿ անդամ երկրները ծպտուն անգամ չեն հանել՝ քար լռություն ու անտարբերություն պահպանելով կատարվածի նկատմամբ: Ի դեպ, ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ, այս օրերին մատնված են անգործության, այնինչ՝ դեսպանատները եւ միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչությունները պետք է զբաղված լինեին կատարվածի վրա միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելով: Բայց դե, երեւի ավելի կարեւոր գործեր ունեն մեր դիվանագետները, որը մեզ՝ հասարակ մահկանացուներիս, հասու չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս