ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր դժվար է պատկերացնել որեւէ պետության իրավական համակարգի զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ապահովման»:

 

 

 

Հովիկ Աբրահամյան 168.am

Անշուշտ, տեսականորեն դժվար է նման բան պատկերացնելը, բայց իրականում բավարար է մի հայացք ձգել Հայաստանի իրականության վրա, եւ ակնհայտ կլինի, թե նման իշխանություններ ունենալու պարագայում ինչպես է առանց վարչապետի հռչակած ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացման ամրապնդվում թե՛ իրավական համակարգը, թե՛ ողջ կառավարման ինստիտուտները, որոնք մատի մեկ շարժումով գործում են այն ուղղությամբ, որ ուղղությամբ իշխանությունը ցույց կտա: Դրանից էլ արդյունավետ կառավարում, իսկ մնացածը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ընդամենը քարոզչական «լոլո»-ներ են:

 
«Ցանկացած փոփոխություն բերում է որոշակի անորոշություն…Չի կարելի ենթադրել, որ այդ համակարգը չի աշխատի»:

 

Արտեմ Ասատրյան 1in.am

Այս նախարարը հայտնի է որպես վարչապետերի խոսքերը փոխանցող, ով ընդամենը նույնությամբ կրկնել է նրանց մտքերը, անգամ այն դեպքերում, երբ դրանք կարող էին իրարամերժ իմաստ ունենալ: Ինչպես, օրինակ, չարաբաստիկ կուտակայինի մասին խոսելիս, երբ նախկինում, Տ. Սարգսյանի օրոք, կրծքով պաշտպանում էր, իսկ Աբրահամյանի օրոք՝ կրկնում էր «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Չնայած որ, մեզ համար կուտակայինի աբրահամյանական տարբերակը լավ էլ հստակ է եւ որոշյալ՝ պարտադիր, պարտադրված, թե նպատակային՝ էությունը, միեւնույն է, մնում է նույնը: Իսկ անորոշություն բերում են հենց նախարարի անորոշ մեկնաբանությունները:

 

«Ես մեյլս չեմ ստուգել, բայց Լավրովի այցը, դիվանագիտական շփումների այս վերջին պատասխանները հուշում են, որ նամակս եւ բովանդակությունը տեղ են հասել… Ես մեյլս կստուգեմ, կտեսնեմ՝ փաստացի պատասխան կա, թե ոչ»:

 

 

Անի Զախարյան News.am

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը հիշեցնում է հեքիաթի հերոս Քաջ Նազարին, ով թագավոր դառնալուց հետո հայտարարում է, թե արեւն իր հրամանով է ծագում եւ մայր մտնում: Անի Զախարյանն էլ ավելի կատարելագործեց Նազարի կերպարը՝ հայտարարելով, թե ՌԴ ԱԳ նախարարի այցը ՀՀ եւ դիվանագիտական շփումների վերջին զարգացումները՝ Պուտինին գրած իր նամակի հետեւանքն են: Իսկ բուն նամակի պատասխանը տեսնելու համար նորահայտ քաղաքական գործիչը դեռ ժամանակ չունի «մեյլ» ստուգելու: Հարցն այն է, թե այս խեղկատակությունը դեռ որքան կարելի է հանրային լսարանին որպես տեղեկատվություն մատուցել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս