ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՈՅԿՈՏԵԼ Է

«ժողովուրդ»-ը գրել էր, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն իր դեմ մահափորձ իրականացրած տղաների դեմ առաջադրված մեղադրանքը մեղմ էր համարել եւ հայտարարել, որ իր դեմ մահափորձի հետեւում պատվիրատուներ կան: Երեկ մենք տեղեկացանք, որ Վիտալի Բալասանյանը բոյկոտել է դատական նիստերը: Նշենք, որ մեղադրող դատախազն ամբաստանյալներից Արա Ավետյանի համար դատարանից պահանջել է 12, իսկ Սերգեյ Հարությունյանի համար 10 տարվա ազատազրկում: Մոտ օրերս կհրապարակվի այս գործով դատավճիռը:
 

ՀԱՑԱԴՈՒԼԻ
ՊԱՏՃԱՌԸ

Երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 29 ցմահ դատապարտյալի հացադուլ հայտարարելը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ նաեւ ՀՀ ԱՆ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարների նիստ է եղել, որտեղ ներկայացվել են դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված բնութագրեր: Նշենք, որ, սովորաբար, ՔԿՀ ղեկավարները միջինը 100 դատապարտյալի բնութագիր են ներկայացնում, սակայն ամենաշատը 10 դատապարտյալի է հնարավորություն ընձեռվում վաղաժամկետ ազատ արձակման համար անկախ հանժնաժողովի քննությանը մասնակցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս ցածր ցուցանիշն էլ պատճառ է դարձել, որ դատապարտյալները հացադուլ հայտարարեն:

 

ՏԵՍԱԽՑԻԿ Է
ՏԵՂԱԴՐԵԼ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն անդրադառնալով իր որդու դեմ ավազակային հարձակմանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դեպքը բացահայտվի, իսկ մինչ այդ ավելացրել է շենքի մուտքի լուսավորությունը եւ անգամ շենքի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով(ավազակություն), որն էլ ավելի ուշ կասեցվեց:

 

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստում պաշտպան Արա Զաքարյանը դատարանից խնդրել է կայացնել արդարացման դատավճիռ, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը կգտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին եւ համաներմամբ ազատել պատժի կրումից: Նշենք, որ մեղադրողը միջնորդել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Գործարար Փայլակ Հայրապետյանը, երեկ «Ազատության» հետ զրույցում պահանջել է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաեւ նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: «Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, եւ ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն՝ գա, տենց դեսպաններ են գնացել ու եկե՞լ»,-ասել է Հայրապետյանը։




Լրահոս