ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ
ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը հողազուրկ է: Գյուղի 1130 հա տարածքներից 830-ը, որոնք ամենաբերրի հողերն են, գտնվում են ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ: Գյուղապետ Արթուր Մադաթյանն ասում է, որ իր համագյուղացիները հնուց ի վեր օգտագործել են Աճակուտ գյուղից դեպի սարեր տանող հատվածում 600-700 հա տարածքը՝ խոտհարքներ, արոտավայրեր: Այդ սարամասը, սակայն, կառավարության որոշմամբ տրվել է Լուսաձոր համայնքին այն պատճառաբանությամբ, թե Բերքաբերն այդ սարամասի հետ ուղիղ կապ չունի: Արթուր Մադաթյանն ասում է , որ 1990-ական թվականների պատերազմական գործողությունների ժամանակ բերքաբերցի շատ ընտանիքներ ժամանակավորապես պատսպարվել են այդ սարամասում, այն եղել է սահմանամերձ գյուղի թիկունքը: Գյուղապետի վկայությամբ՝ այնտեղ բերքաբերցի մի քանի ընտանիքներ տներ ունեն, վերջերս, սակայն, լուսաձորցիները փորձել են այդ մարդկանց վտարել իրենց կացարաններից: Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանը «Ժողովուրդ»- ին հայտնեց, որ այդտեղ ընդամենը 3 ընտանիք է բնակվում, որոնցից երկուսը Բերքաբերի, մեկը՝ Խաշթառակի բնակիչներ են: Նա հայտնեց, որ հեռագնա արոտների կառավարման ծրագրով այդտեղ անասունների խմոցներ են կառուցվել եւ իրենց գյուղն ուղիղ գծով կապ ունի հիշյալ սարամասի հետ: Նմանատիպ խնդիր կա նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքների միջեւ: Հունիսի 27-ին ադրբեջանական գնդակոծությունից այրվել է Բարեկամավանի արոտավայրերի 90 տոկոսը: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դարձել սարերում գտնվող Շլորկուտ տեղամասի 100-120 հեկտար խոտհարքները Բարեկամավան համայնքին թողնելը: Գյուղապետի խոսքով` առանց այդ խոտհարքների սահմանամերձ, դժվարին վիճակում գտնվող Բարեկամավանի վիճակն անելանելի կդառնա:
Հիշեցնենք, որ Շլորկուտի խոտհարքները կառավարության որոշմամբ հանձնվել են Ջուջեւան համայնքին:

 

 

ՏԱՐԱՆ ՍՈՉԻ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Տավուշ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանի դատավարությունը: Նա մեղադրվում է սեփական կնոջը սպանելու մեջ: 2014թ. հունվարի 13-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, Տավուշ գյուղում գտնվող իր տան ննջասենյակում, այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ վիճաբանության մեջ մտնելով կնոջ՝ Հասմիկ Զաքինյանի հետ, Հ. Իսրայելյանը խեղդամահ էր արել նրան: Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նրան սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Հովսեփ Իսրայելյանի հայրը՝ Բորիկ Իսրայելյանը, այս տարվա մարտին դառնալով իր երկու թոռների՝ 2007թ. ծնված աղջկա եւ 2009թ. ծնված տղայի խնամակալը, նրանց տեղափոխել է իր տուն՝ Ռուսաստանի Սոչի քաղաք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս