ԻՆՉՊԵՍ ՔԱՄԻՆ ՔԱՆԴԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ քամին մեծ ավերածություններ է գործել: Մարդկանց բնակարանները պարզապես փլվել են, հաստաբուն ծառերն արմատախիլ եղել: Անտուն մնացած քաղաքացիները երեկ ողջ օրվա ընթացքում հավաքվել ու փակել էին դեպի Վարդենիս մտնող ավտոճանապարհը:

«Ուժեղ քամի էր, ոնց որ զորք հարձակվեր, այ տենց ձեն էր գալի: Մեկ էլ տեսանք, մեր տան կրիշը չկա: Տարա՜վ: Ու կողքի փողոցից ինչքան ժեշտ կար, շփեց բերեց մեր տուն: Հազիվ փախանք»,- փոթորկի հետեւանքներն այսպես նկարագրեց վարդենիսցի Արսենը: Նրա տեղեկացմամբ՝ տանիքից պոկված երկաթե թիթեղը վնասել էր 27-ամյա մի աղջկա պարանոցը: 3-ամյա մի երեխա եւս վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Քաղաքի շատ երեխաներ վախից չեն կարողանում խոսել:
Ճարահատյալ վարդենիսցիները երեկ հավաքվել էին քաղաք մտնող ավտոճանապարհին եւ պահանջում ՀՀ վարչապետին ներկայանալ: Սակայն կառավարության ղեկավարն ականջալուր չեղավ մարդկանց խնդրանքին: Միայն մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էր հանձնաժողով ձեւավորել, որը պետք է հաշվարկի մարդկանց ստացած վնասների չափը, որպեսզի կառավարությունից համապատասխան չափով փոխհատուցում տրվի:
Երեկ խմբված բնակիչներին է այցելել միայն այդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով ակտիվ հարցազրույցներ տվեց հեռուստաընկերություններին: Պատգամավորը նաեւ երկար ժամանակ փորձեց բնակիչներին համոզել, որպեսզի նրանք հետ գնան, սակայն մարդիկ անդրդվելի էին: Չլսեցին պատգամավորի հորդորները: Բոթոյանը ստիպված հեռացավ:
Այնուհետեւ բնակիչների հետ սկսեցին աշխատել ոստիկանները՝ արդեն ուժային աճպարարությունը գործի դնելով: «Եթե հիմա չգնաք տուն, կմտնեք սեւ ցուցակի մեջ եւ ձեր փլված տան համար փոխհատուցում չեք ստանա»,- ահա այսպես ահաբեկելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ավագյանը, վարչության պետի տեղակալ Արայիկ Քոչարյանը եւ այլ համազգեստավորներ փորձում էին բնակիչներին համոզել, որ ցրվեն: Բայց մարդիկ անդրդվելի էին: «Եթե դու ինձ 7 հատ գերան տաս, որ տանեմ, կրիշ կապեմ, կեթամ տուն, բայց կտա՞ս, չես տա, բա ես ո՞ւր գնամ, տուն չունեմ»,-ասաց մի մարդ: Վարդենիսցիները որոշեցին սպասել մինչեւ առավոտ:
Տեղեկացնենք, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Ֆրանսիայում: Ճիշտ է, պաշտոնապես մեկնաբանվեց, թե գնացել է Վարդենիսի քույր քաղաք, սակայն հասկանալի է, թե ինչու են հատկապես ամառվա շոգին նման «քույրերին» հիշում:
Հավելենք նաեւ, որ երեկվա ընթացքում այդպես էլ պաշտոնական որեւէ եզրակացություն չտվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, թե ինչու չէր կանխատեսվել փոթորիկը կամ արդյո՞ք քամուն զուգահեռ նաեւ երկրաշարժ է եղել, որ քանդել է մարդկանց տների հաստ պատերը:
Ամեն դեպքում, տեսարանը տխուր էր:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս