ՖԻՖԱ-Ն
ՀԵՐՔՈՒՄ Է
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Կամերունի հավաքականի խաղերի պատճառով կարող է սկանդալ առաջանալ: Խմբային փուլի վերջին տուրում Կամերունի ազգային հավաքականը Խորվաթիայի ընտրանուն պարտվել էր 4:0 հաշվով: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի հայտնի կազմակերպիչներից մեկը սոցիալական ցանցի իր էջում խաղի մեկնարկից 6 ժամ առաջ գրել էր, որ կամերունցիները պարտվելու են 4:0 հաշվով եւ առաջին խաղակեսում ստանալու են «կարմիր քարտ»: Նշենք, որ Կամերունի ֆուտբոլիստը տարօրինակ կերպով «կարմիր քարտ» ստացավ՝ մրցակցի հետեւից վազելիս նրա թիկունքին հարվածելով արմունկով: ՖԻՖԱ-ն առայժմ հերքում է տեղեկատվությունն ու նշում, որ ապացույցներ չկան:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ
Կատալոնական «Բարսելոնա»-ն անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Ակումբն ուրուգվայցի ֆուտբոլիստին կառաջարկի 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում վերջինս կաշխատի 40 մլն ֆունտ: Սակայն Սուարեսի պայմանագրում կատալոնական կողմը մտադիր է հատուկ կետ ընդգրկել՝ Սուարեսին կարգելվի խաղադաշտում ոչ պատշաճ պահվածք դրսեւորել: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Սուարեսին 4 ամսով որակազրկել է` Աշխարհի առաջնության շրջանակներում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար:
ԱՌԱՋԻՆ
ՏԵՂՈՒՄ
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ազգային թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով իր հայրենակիցների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Մեքսիկայի ընտրանու դեմ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղում Սնեյդերն ազգային հավաքականի կազմում 15-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել: Նրանից մեկ խաղով պակաս են անցկացրել Վիմ Յանսենը, Ջոնի Ռեպը, Ռուդ Քրոլը եւ Ռոբին վան Պերսին: Նա կարող է թարմացնել սեփական ռեկորդը` մասնակցելով արդեն քառորդ եզրափակչի` Հոլանդիա-Կոստա-Ռիկա հանդիպմանը: