ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ «ԿՏԱԿՈՎ
ԹԱԳՈՒՀԻՆ»
Մի խումբ ճանաչված դերասանների` Լեւոն Շառաֆյանի, Ալլա Թումանյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Նարեկ Ներսիսյանի, Սոնա Քարամյանի, Մերի Գրիգորյանի, Արթուր Դարբինյանի, Էնջլի, Դավիթ Սեխպեյանի եւ այլ հայտնի դեմքերի մասնակցությամբ առաջիկայում հանդիաստեսին կներկայացվի բազմասերիանոց նոր հեռուստաֆիլմ՝ «Կտակով թագուհին»: Սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, իսկ նկարահանումներն անց են կացվել ԱՄՆ-ում: Նոր սերիալը կցուցադրվի հուլիսի 7-ից Արմենիա TV-ով:
McDonald՚s-ԻՆ
ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ
Արագ սննդի սպասարկման աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ «McDonald՚s»-ը, Չիլիի դատարանի որոշմամբ պետք է դրամական տուգանք վճարի՝ մկան պոչ պարունակող համբուրգեր վաճառելու համար։
Տեմուկո քաղաքի վերաքննիչ դատարանը վճռել է, որ ընկերությունը պարտավոր է 3.600 դոլար վճարել 2012թ. հունիսին տեղի ունեցած տհաճ միջադեպի համար։
Դատարանը «McDonald՚s»-ին մեղադրել է իր արտադրանքի որակը չվերահսկելու համար՝ վճռելով, որ ընկերությունը վճարելու է նաեւ հավելյալ տուգանք, որի չափը չի բացահայտվել։
Ներկայում Տեմուկոյի իշխանությունները փակել են այն հաստատությունը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
«ԱՎԱՏԱՐ 3»`
1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԲՅՈՒՋԵՈՎ
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մոտ 1 մլրդ դոլար կծախսի «Ավատար 3» գիտաֆանտաստիկ ֆիլմը նկարահանելու համար: «Ավատար»-ների ներկայացման շրջանակներում միջոցները կուղղվեն տարբեր արտադրանքների ստեղծմանը՝ գրքեր, զվարճանքների թեմատիկ այգիներ, ինչպես նաեւ «Cirque du Soleil»-ի ներկայացումներին, որոնք կցուցադրվեն աշխարհի 350 քաղաքում:
Հաղորդվում է, որ նախագծի իրականացումը կշարունակվի նաեւ այն պարագայում, եթե 59-ամյա Քեմերոնը որոշի ընդմիջում վերցնել: Հիշեցնենք, որ առաջին «Ավատար»-ը թողարկվել է 2009-ին՝ 237 մլն բյուջեով եւ համաշխարհային վարձույթում 2.7 մլրդ դոլար հավաքել:
ԱՐՔԱՅԱԶՆԸ
ՊԱՐԵԼ Է
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, ով այս օրերին թագավորական շրջագայությամբ գտնվում է Չիլիում, այցելել է մայրաքաղաք Սանտյագոյում գտնվող կենտրոններից մեկը, որտեղ խնամում են հաշմանդամ ու մտավոր հետամնաց երեխաներին։
Արքայազնը բարեհամբույր է գտնվել ու չի մերժել հաշմանդամ երեխաներին, ովքեր խնդրել են նրան պարել։
Նա մեծ հաճույքով պարել է անմիջապես հաստատության մուտքի մոտ՝ զվարճացնելով ներկաներին։ Դրանից հետո Հարին ողջ օրն անցկացրել է երեխաների հետ՝ խաղալով ու զրուցելով նրանց հետ։
ՍԵՎԱՄՈՐԹ
ԱՐՏԻՍՏՆԵՐԸ
Ամերիկյան հանրահայտ երգչուհիներ Բեյոնսեն ու Նիկի Մինաժն արժանացել են սեւամորթ արտիստների համար նախատեսված Black Entertainment Television (BET) մրցանակին։
Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների՝ Բեյոնսեն ճանաչվել է անցած տարվա լավագույն «RNB» եւ փոփ երգչուհի, Մինաժը՝ հիփ-հոփի լավագույն կին կատարող, Ֆարել Ուիլյամսը՝ լավագույն կատարող, իսկ կանադացի Դրեյքը՝ հիփ-հոփի լավագույն տղամարդ կատարող։
Երաժշտության ոլորտում ունեցած նվաճումների համար մրցանակ է ստացել 65-ամյա Լայոնել Ռիչին։