ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդը գումար վճարո՞ւմ է, թե ոչ: Եթե այո, խնդրում եմ ասեք ինչքա՞ն:
Սիրանույշ Հարությունյան (21 տարեկան,
բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից` վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ
գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ այս տարի քննություններին կմասնակցի մոտ 13 հազար դիմորդ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը պակասել է շուրջ 1000-ով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը բարեգործություն է իրականացնում եւ որոշակի ապրանքներ է ներմուծում ՀՀ տարածք, ապա դրա համար մաքսային վճարներ գանձվո՞ւմ են:
Լեւոն Մխոյան (42 տարեկան,
տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մխոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 104 հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի համաձայն` մաքսատուրքի վճարումից ազատվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատվում են նաեւ մաքսավճարի վճարումից` ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, ավելացված արժեքի հարկի վճարումից` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, բնապահպանական վճարների վճարումից` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն եւ ճանապարհային վճարների վճարումից` «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:

Հայաստանի Հանրապետության մաքսային
ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, շատ դեպքերում գործարարները դիմում են կեղծ բարեգործության, որպեսզի վճարներից ազատվեն եւ բարեգործության անվան տակ սեփական բարեկեցության հարցերն են լուծում:




Լրահոս