«ԵԹԵ ԻՄ ՁԵՌՔՈՒՄ ԶԵՆՔ ԿԱ, ԵՍ ԹՇՆԱՄՈՒՍ ԿԽՓԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 29-ին` ժամը 9:30-ից 10:00-ի սահմաններում, Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ԼՂՀ հյուսիսային սահմանի դիտակետում ժամկետային զինծառայող էր մահացել: 19-ամյա Տիգրան Վարյանի դիահերձման ժամանակ պարզվել է, որ տղային մահվանից առաջ ծեծել են, զենքի խզակոթով հարվածներ հասցրել, հետո կրակել նրա վրա: Դիահերձմանը մասնակցել է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դատաբժշկական եզրակացությունից հետո հույս ունի, որ հարուցված քրեական գործը կփոխվի, եւ կառաջադրվի նոր` սպանություն հոդված: Երեկ Տիգրանին հուղարկավորեցին:
Նշենք, որ 19-ամյա Տիգրան Վարյանի գործով հարուցվել է քրեական գործ` 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տիգրան Վարյանն Աբովյանի բնակիչ էր եւ բանակ էր զորակոչվել 2011թ-ի առաջին զորակոչին` Աբովյանի զինկոմիսարիատից: 19-ամյա երիտասարդը մեկ տարի էր, ինչ ծառայում էր հայոց բանակում եւ երբեք արձակուրդ չէր եկել:
Ժամկետային զինծառայողի հարեւանները մեզ պատմեցին, որ Տիգրանը ծառայության է մեկնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, եւ ցանկացել է ծառայությունն ավարտելն պեզ ընդունվել քոլեջ:  Տեղեկացանք, որ Տիգրանն իրենից տարիքով մեծ եղբայր ունի եւ փոքր քույր, որը սովորում է 5-րդ դասարանում: Մեր զրուցակիցները նշեցին, որ Տիգրանի ծնողները նրա հետ զրուցել են դիրքեր բարձրանալուց մոտավորապես երեք օր առաջ:
Երեկ զրուցեցինք Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ, որը Տիգրանի հոր առաջարկով մասնակցել է դիահերձմանը: «Դիահերձումից հետո ես Տիգրանի հորն ու հարազատներին հայտնել եմ, որ կային խոշտանգման հետքեր, որին հետեւել է կրակոցը: Կրակոցից վայրկյաններ առաջ եղել է խոշտանգում, հարվածի հետքեր ենք հայտնաբերել, որոնք պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկաներով: Խոսքը բռունցքի մասին չէ, այլ, ամենայն հավանականությամբ, ավտոմատի խզակոթի կամ նմանատիպ գործիքի»:
Ըստ փորձագետի`  ժամկետային զինծառայողին ծեծել են մի քանի հոգով, քանի որ մեկ հոգին նման բան չէր կարող անել: «Բանակում ինքնասպանության դեպքեր գրեթե չկան, եթե իմ ձեռքը զենք կա, եւ ունեմ թշնամի, ես էդ թշնամուն կխփեմ, ոչ թե ինքնասպան կլինեմ: Ես վաղուց եմ աշխատում այս ոլորտում եւ շատ նմանատիպ դեպքեր եմ բացահայտել: Այսօր մեր զինվորները բանակում ստրուկի կարգավիճակում են ծառայում, նրանց հետ ինչ ուզում անում են»,-վրդովված ասաց Մարտիրոսյանը:
 Նա նաեւ նշեց, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական բաժնի պետ Յուրա Բադալյանն իր հետ զրույցում ասել է, որ եթե իրենք սկզբից հոդված առաջադրեն սպանության հատկանիշներով, հետո պարզվի, որ դա ինքնասպանություն է, ի՞նչ պատասխան պետք է տան զինվորների ծնողներին: Աբսուրդը, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, այն է, որ ստացվում է, թե սպանվածների ծնողներն ավելի հակված են հավատալու ինքնասպանության վարկածին, քան սպանության: «Որպես կանոն, զինվորներին նաեւ ծեծում են ինչ-որ գործ իրենց վրա վերցնելու համար, եւ նրանց ծեծում են ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ հակառակը` կորզելու, կոծկելու համար»,-նշեց փորձագետը:
 Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ Տիգրանի ծնողները դեռեւս չեն ցանկանում որեւէ բան խոսել, քանի որ ի վիճակի չեն. «Հայրն ունակ չէ խոսել, լսել կամ հասկանալ»: Մարտիրոսյանը փաստեց նաեւ, որ դիահերձմանը մասնակցելու համար խոչընդոտների են հանդիպել, քանի որ Աբովյանի զինկոմիսարիատի աշխատակիցներն ամեն ինչ արել են, որպեսզի լրագրողները ներկա չգտնվեն այդ գործընթացին: Փորձագետն ասաց, որ վերջերս հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրան տեղյակ պահել, որ իր ենթակայության տակ գտնվող երկու գերատեսչությունները` ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, հանցավոր կառույցներ են` նշելով, որ կարող է դրա վերաբերյալ փաստեր ներկայացնել, սակայն. «Նա կտրականապես չուզեց լսել որեւէ փաստ, իմ հայտարարությանն էլ ի պատասխան ասաց` ես ի՞նչ անեմ»:
Երեկ մեզ չհաջողվեց զրուցել Տիգրանի հարազատների հետ, քանի որ վերջիններս կտրականապես հրաժարվում էին խոսել, իսկ Տիգրանի քույրը` Ռուզաննան,  ասաց, որ որոշ ժամանակ հետո նոր կխոսեն: Ի դեպ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ Տիգրան Վարյանի մահվան առնչությամբ դեռեւս ոչ ոք չի կալանավորվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս