ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Սա դեսպանի պաշտոնում նրա առաջին այցն էր: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ընտրություններից հետո դեսպանն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հրազդան քաղաքում տեղի ունեցած ընտրությունները եւ որ անձամբ է հետեւել տեղի ունեցած գործընթացին  ընտրատեղամասերում:
Այս հարցին դարձյալ անդրադարձավ Հեֆֆերնը` հստակեցնելով իր ասելիքը, շեշտելով, որ ինքը, դրական ասելով, նկատի է ունեցել միայն տեղամասերում տիրող իրավիճակը: Դրսում ամեն ինչ այլ է եղել. «Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները դրական էին: Երկու կարեւոր կետ կուզենայի նշել. նախ, որ ընտրացուցակները 40 օր շուտ էին փակցված, եւ կողմերը կարող էին ծանոթանալ դրանց: Հաջորդ դրական կետն այն էր, որ ընտրատեղամասերում տեղադրված էին տեսախցիկներ, որն Ընտրական օրենսգրքի փոփոխության արդյունքն էր: Ընդհանուր գործընթացը կարծես թե բավականին լավ աշխատեց: Երկու կողմերն էլ վստահեցրել են, որ ներսում իրավիճակը բավականին թափանցիկ է: Բայց դա չի նշանակում, թե ես ասել եմ, որ հիանալի կամ գերազանց ընտրություններ էին: Մեծ մրցակցություն կար, եւ ընդդիմադիր թեկնածուն բավականին ուժեղ էր: Ընտրատեղամասերից դուրս` կային տեղեկություններ ընտրակաշառքի մասին, բայց ես հուսով եմ, որ այս ընտրություններում եթե քաղաքացիները նկատեն խախտումներ, նրանք տեղյակ կպահեն իշխանություններին, որոնք հետագայում կկարգավորեն այդ հարցերը»:
Հեֆֆերնը խոսեց նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին` ընդգծելով, որ մեր երկիրն առայժմ չի կարող ստանալ ֆինանսավորում այդ ծրագրի շրջանակներում մի շարք պատճառներով, բայց գլխավորապես այն, որ հայաստանյան ժողովրդավարությունը դեռեւս կաղում է, իշխանությունների վարած հակակոռուպցիոն քաղաքականությունն էլ իրեն չի արդարացնում. «Հայաստանի կառավարության հետ մենք աշխատանք ենք տանում, որ համապատասխանի ցուցիչներին»:
Հավելենք, որ դեսպանը Գյումրի է այցելել` մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից անցկացվող «Ամերիկյան միջոցառում» կոչվող նախաձեռնությանը, որի նպատակն է ամերիկյան մշակույթն ավելի հասանելի դարձնել հայ երիտասարդության շրջանում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս