ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԻ «ՓԱՌԱՊԱՆԾ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմն ու ազգային բանակաշինությունը հնարավորություն տվեցին մեզանում գեներալներ «բուծել»` առանց համապատասխան գեներալական կրթության, մասնագիտական պատրաստվածության, առավել եւս` բարեկրթության: Այդ «աստղաբույլի» վառվռուն ներկայացուցիչներից է Սեյրան-Սեդրակ Սարոյանը:
Այս գեներալի կենսագրության մեջ ոչինչ նշված չէ միջնակարգ կրթության եւ աշխատանքային գործունեության մասին: Գիտենք միայն, որ ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Թե որտեղ կամ ինչ է աշխատել, հայտնի չէ: Գուցեեւ չի էլ աշխատել, որովհետեւ բանակից վերադարձել է 1987-ի աշնանը, իսկ 1988-ից էլ սկիզբ են առել խառնակ ժամանակները: 1989-ին ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել հայրենիքի սահմանները, հետո էլ մարտնչել է Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի ճակատներում: 1993-ից, հաջորդաբար, եղել է գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար: Այսպես մինչեւ 2007թ.: 2000-ին` 33 տարեկանում, արժանացել է գեներալ-մայորի կոչման: Թե 1991-ից ի վեր, երբ ունեցանք ազգային բանակ, ինչպես է 9 տարվա ընթացքում շարքայինը կարողացել դառնալ գեներալ, մնում է մեր բանակի մեծագույն պարադոքսներից մեկը: Անգամ թռիչքային կրթություն ունեցող Դավիթ Հարությունյանը կնախանձեր գեներալին: Սարոյանի կենսագրության մեջ նշված է, որ 1993-ին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը: Մենք այս կուրսերի մասին տեղեկություններ սկսեցինք հավաքել ու… չգտանք: Բայց խնդիրը միայն չգտնելը չէ. ինչպե՞ս է հաջողացրել Սեյրան Սարոյանը պատերազմի ամենածանր շրջանում ե՛ւ կռվել, ե՛ւ սովորել: Գեներալին նայելիս կամ լսելիս այն տպավորությունը չես ստանում, որ այդ մարդը գոնե միջնակարգ կրթություն ունի… Ինչեւէ, 1996-ին նա ավարտել է Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, իսկ 2006-ին` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
2007թ. Սեյրան Սարոյանն ԱԺ պատգամավոր է դարձել թիվ 19 ընտրատարածքից` հաղթելով Հակոբ Հակոբյանին` Ճոյտին: Հայտնի է, որ նրան պատգամավոր դարձնելու պարտականությունը դրված էր Արմավիրի մարզպետ,  գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի վրա, ով, ստանալով հանձնարարությունը, ոտքի էր հանել մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին եւ պարտադրել ձայներ ապահովել գեներալի համար, ումից ցանկանում էին ազատվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանք հոգնել էին այն բազմաթիվ բողոքներից, որ հնչում էին Սարոյանի հասցեին, նրանք ուզում էին, գոնե հանուն երեւութականության, բանակում ունենալ մի քանի կիրթ գեներալներ: Ըստ էության, Սարոյանին բերելով Ազգային Ժողով` նրան, փաստորեն, հեռացրին զինված ուժերից: Սակայն Էջմիածինը չազատագրվեց նրանից:
Սեյրան Սարոյանն ինքն էլ հավանաբար արդեն բանակի հետ  կապող ոչինչ չուներ, որովհետեւ այս ընթացքում դարձավ երկրի մեծահարուստներից մեկը, ահռելի ունեցվածք դիզեց, ձեւավորեց իր բիզնեսը, հասցրեց նաեւ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում` գեներալ Հայկազ Բաղմանյանի տան հարեւանությամբ, մի դղյակ կառուցել: 2000-ին Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Սեյրան Սարոյանին հողատարածք հատկացրեց` ընդամենը 400 քմ: Խախտելով բոլոր նորմերն ու որոշումները` Սեյրան Սարոյանը 2000 քմ-ից ավելի տարածք զավթեց ու կառուցելով իր դղյակը` այն շրջապատեց պարիսպներով:
Սարոյանը հաճախ է հայտնվում ամենատարբեր տհաճ պատմությունների, կռիվների կիզակետում` կարծելով, թե դեռ պատերազմը չի վերջացել, ու ինքն էլ կարող է անարգել կրակել, մարդկանց ծեծել, ստորացնել ու նվաստացնել: Ժամանակ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե Սեյրան Սարոյանի տղաները եւ Ալրաղացի Լյովի թիմակիցներն իրար վրա են կրակել: «Ըստ Էջմիածնից ստացած տեղեկությունների` ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեկ բերման է ենթարկել Սարոյանի 3 տղաներին, որոնք ձերբակալվել են: Կրակոցների ժամանակ տուժել է Գլորիայի Գրիշը` Ալրաղացի Լյովիկի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը: Միջադեպը տեղի է ունեցել «Ջիանի» ակումբում գիշերը: Ըստ որոշ տեղեկությունների` դեպքի վայրում է եղել նաեւ Լեւոն Սարգսյանը, ով հասցրել է փախչել, իսկ Գրիշը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լյովիկի թիմը վիրավորել է գեներալի բարեկամներից մեկին: Գեներալի հարազատները երեկ պնդում էին, թե իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ»: Ի դեպ, այս հաղորդագրությունը չի հերքվել Սեյրան Սարոյանի կողմից: Սարոյանի կողմից չեն հերքվել բազմաթիվ հրապարակումներ, որոնք վերաբերել են իր անձին, իր սարքած կռիվներին: Ասում են, որ նա այնքան չի սիրում լրագրողներին, որ չի կարդում որեւէ հրապարակում: Գուցե չի՞ կարողանում կարդալ…
Լրագրողների համար Սեյրան Սարոյանն առաջարկել էր խորհրդարանում «գուբախտ» սարքել եւ այնտեղ նստեցնել բոլոր նրանց, ովքեր չէին ենթարկվի իր հաստատած «կարգուկանոնին»: Վերջերս խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Սեյրան Սարոյանին կամենում են նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Անգամ Յուրի Խաչատուրովին չսիրողները գիշեր-ցերեկ աղոթում էին, որ հանկարծ Սարոյանի մասին խոսակցություններն իրականություն չդառնան:
2008-ին ՍԵյրան Սարոյանի մեջ խոսեց տղամարդկությունն, ու նա մի քանի ժամով հեռակա կարգով միացավ ՀԱԿ-ին, սակայն հետո նրան էլ պարտադրեցին «ղազագիր» ստորագրել եւ անցնել իշխանությունների կողմը: Եթե չանցներ, իրեն կստիպեին «անցնել Ռուբիկոնն» ու հայտնվել ճաղերի հետեւում: Իսկ դրա համար բազմաթիվ առիթներ եւ «գրառումներ» կային…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս