«ԼՐՏԵՍՆ» ԱՍԵԼ Է, ՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախակիացել են հօգուտ Ադրբեջանի կատարված լրտեսության մեղադրանքով քրեական գործերը: Դրանցից է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մ.Մարտիրոսյանի վարույթում գտնվող մի գործ, որով մեղադրվում են Հայաստանի միանգամից 6 քաղաքացիներ: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` ամեն ինչ սկսվել է նրանից, որ Երեւանի Նորք-Մարաշ համայնքի բնակիչ Կարեն Մեհրաբյանը 2011թ. սկզբներին, գտնվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում, եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ:
Ըստ մեղադրանքի` Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ ոմն Տիգրան եւ Վարդան, որոնցից Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ: Հայի անուններով ադրբեջանական հետախույզներին մասնավորապես հետաքրքրել են ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ տեղեկությունները: Վերադառնալով Հայաստան` Կ.Մեհրաբյանը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն: Ճգնել է 6 ամիս, փորձել ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ եւ գործընթացին ներգրավել Հայաստանի ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների: 6 ամսվա ընթացքում հասցրել է որոշակի տեղեկատվություն հավաքել եւ ամռանը` հուլիսի 23-ին, երբ փորձել է հավաքած տեղեկատվությունը տանել Թուրքիա, բռնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայ-վրացական սահմանը հատելիս:
Ամբաստանյալներից Ռոմիկ Մաթեւոսյանն ավելի վաղ` 4 տարի առաջ է նույն սցենարով հայտնվել այս ցանցում. քրգործի նյութերի համաձայն` նա 2007թ. մեկնել է Թուրքիա, որտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության հետ: Վերջինս էլ Ռոմիկ Մաթեւոսյանին ծանոթացրել է որպես իր ազգական ներկայացած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրան անունով անձնավորության հետ: Այդպես էլ ադրբեջանցի Տիգրանը հավաքագրել է Ռ.Մաթեւոսյանին ու հանձնարարել` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած հայ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հարմար անձանց, որոնք կարող են պաշտպանության ոլորտին վերաբերող գաղտնի տեղեկություններ հայթայթել: Վերադառնալով Հայաստան` Մաթեւոսյանը եւս փորձել է տեղեկություններ ստանալ համապատասխան զինծառայողներից:  
Երրորդ ամբաստանյալը` Աշոտ Չտրկյանը, ըստ քրգործի նյութերի, նույն երկրում նույն ուժերի տեսադաշտում է հայտնվել իր ընկերոջ` Կարեն Մեհրաբյանի միջամտությամբ ու առաջարկով. Ա.Չտրկյանը մեկնել է Թուրքիա, որտեղ ծանոթացել է վերոնշյալ Տիգրանի եւ Սայիդի հետ ու իմանալով, որ Կ.Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, ինքը եւս ցանկացել է գումար աշխատել ու այդ նպատակով իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է Կ.Մեհրաբյանին` կատարելու ստացած առաջադրանքները: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանությանն օժանդակելու (քր.օր-ի 38-299 հոդ.), իսկ առաջին երկուսին` պետական դավաճանության (299 հոդ.) համար:
Հաջորդ երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մասին իմանալու եւ չհայտնելու համար: Ըստ քրգործի նյութերի` Կարեն Պետրոսյանը հանցագործության մասին իմացել է իր նախկին գործընկեր Կ.Մեհրաբյանից, սակայն հասկանալով, որ խոսքը պետական դավաճանության մասին է, չի հայտնել իրավապահներին: Նույն ձեւով Կարեն Մեհրաբյանի այդ գործունեությունից տուժել են նրա կնոջ քեռու երկու որդիները` Արթուր եւ Դավիթ Ավետիքյանները: Նրանք եւս նախորդ ամռանն իմացել են Կարենի` Թուրքիայի հայերեն խոսող ծանոթների եւ նրանց հետաքրքրությունների մասին, սակայն չեն հայտնել իրավապահներին:
Այս դատավարությունը շատ արագ հասավ դատական վիճաբանությունների փուլ, եւ օրերս մեղադրող Արամ Ամիրզադյանը կարդաց մեղադրանքը` տարբեր պատժաչափեր պահանջելով ամբաստանյալների համար: «Կարեն Մեհրաբյանի կատարած հանցանքն ի օգուտ է եղել մի պետության, որի հետ գտնվում ենք թշնամական հարաբերությունների եւ պատերազմական դրության մեջ: Այս հանգամանքները պատժաչափի վրա պետք է անդրադառնան, եւ պետք է էականորեն տարբերվեն այն անձանց պատժաչափերը, որոնք ուղղակի չեն կատարել այն գործողությունները, ինչ Կարեն Մեհրաբյանը, սակայն իրենց  գործողություններով օժանդակել են հանցագործության կատարմանը»,-նշել էր դատախազ Ամիրզադյանը եւ միջնորդել դատարանին` Կարեն Մեհրաբյանին դատապարտել ազատազրկման` 15 տարի, Ռոմիկ Մաթեւոսյանին` 12 տարի, Աշոտ Չտրկյանին` 11 տարի, Կարեն Պետրոսյանին` 2 տարի ժամկետով: Ինչ վերաբերվում է Ավետիքյան եղբայրներին, ապա նրանք դատապարտվել են 2 տարի ազատազրկման, սակայն որպեսզի մի տանից երկու կալանավոր չլինի, Արթուրը ազատ է արձակվել:
 Ռոմիկ Մաթեւոսյանը եւ Աշոտ Չտրկյանը պնդում էին, որ որեւէ կապ չունեն հանցագործության հետ: Չտրկյանը դատական նիստի ընթացքում ասում էր, որ հայտարարություն ունի անելու: Նրա մայրը` Անահիտ Չտրկյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին անմեղ է, մինչդեռ նրան մեղադրում են Թուրքիայում ոմն Տիգրանից 300 դոլար վերցնելու եւ Հայաստան փոխանցելու համար: Հարազատները պնդում են, որ Աշոտ Չտրկյանը Թուրքիա էր մեկնել 2011թ. մայիսի վերջին` պայուսակի գործարանում աշխատելու նպատակով: Նրանք հղում են անում նաեւ Կարեն Մեհրաբյանի հնչեցրած այն մտքերին, որ Աշոտ Չտրկյանին ոչինչ չի հայտնել, եւ Աշոտ Չտրկյանը ոչինչ չգիտի: Իսկ 300 դոլարի փոխանցման փաստի հետ կապված, Աշոտի փաստաբանի միջնորդությամբ, Հովո անունով վկան դատարանի դահլիճում հայտարարել է, որ 300 դոլարը Կարենն իրեն` Հովոյին է խնդրել, որ ոմն Տիգրանից  վերցնի եւ փոխանցի համապատասխան անձին: Այսինքն` Աշոտ Չտրկյանն այդ գումարի հետ ոչ մի առնչություն չի ունեցել: Ըստ մոր` դատաքննությամբ պարզվել է նաեւ, որ Կարեն Մեհրաբյանը խնդրել է Աշոտ Չտրկյանին իրեն համակարգիչ տրամադրել` պատճառաբանելով, թե Վանաձորում ապրող կնոջ հետ տարաձայնություններ ունի եւ ցանկանում է առանձին խոսել նրա հետ: Այդ նպատակով էլ Աշոտը նրան տրամադրել է համակարգիչը: Հարազատներն ասում են, որ եթե նա իմանար Կարենի մտադրությունների մասին, համակարգիչը չէր տա. «Աշոտ Չտրկյանի փաստաբանի պահանջով բոլոր հեռախոսային խոսակցությունները եւ տեսագրությունները լսվել եւ դիտվել են դատարանի դահլիճում: Ոչ մի փաստ կամ վկայություն չկա, որ ապացուցի Աշոտ Չտրկյանի մեղքը: Ընդհակառակը, Աշոտ Չտրկյանի անմեղությունն է ապացուցվում, որովհետեւ նա հեռախոսային խոսակցության ժամանակ Կարեն Մեհրաբյանին հարցնում է,  թե  ինչ փող է, որ Կարենը Հովոյից ուզել է»: Աշոտի հարազատների պնդմամբ` քննիչը խեղաթյուրել է բոլոր փաստերը: «Վերծանված խոսակցությունների տարբեր բառեր իրար է միացրել եւ ստացել իր ուզած նախադասությունը, որը բացահայտվեց դատարանի դահլիճում հեռախոսային ձայնագրությունների լսումների ժամանակ… Կարեն Մեհրաբյանը մեղադրում է ուրիշ մարդկանց` իրական դավաճաններին, որոնք գտնվում են ազատության մեջ, նշում է նրանց անունները եւ պահանջում, որ այդ իրական մեղավորներին ներկայացնեն դատարան եւ հարցաքննեն, պահանջում է գործի իրական քննություն: Բայց ոչ ոք չի էլ արձագանքում Կարեն Մեհրաբյանի այդ պահանջին: Փաստորեն, այս գործունեության մեջ ներգրավված են եղել ուրիշ մարդիկ, որոնց փորձում են քողարկել, թաքցնել` փոխարենը դատապարտելով անմեղ մարդկանց»,-եզրակացնում է Անահիտ Չտրկյանը:    
Այս գործով հաջորդ դատական նիստը կլինի առաջիկա օրերին:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս