Երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով` այսօր հայ տղամարդը կորցրել է իր իրական դեմքը եւ փոխանակ աշխատի, տանը նստած` հեռուստացույց է նայում, ինչի արդյունքում հոգսն ընկնում է կնոջ ուսերին: Երգչուհին ինքն է անձամբ հոգում իր ընտանիքի բոլոր հոգսերը. «Տան աշխատող չունեմ, ամեն ինչ ինքս եմ անում, սիրում եմ սուպերմարկետ գնալ ու ընտրել այն, ինչ ուզում եմ»:
-Նկատե՞լ եք, որ ամեն ինչ թանկացել է:
-Դա արդեն դարձել է հիվանդություն ժողովրդի մոտ: Ասում են` մեր տնտեսական վիճակը, ժողովուրդը փող չունի, բայց մտնում ես սուպերմարկետ, հենց այդ նույն ժողովուրդը լավ էլ առեւտուր է անում: Չէի ասի, որ սուպերմարկետ մտնում է միայն բարձր խավը, նաեւ միջին խավն է օգտվում: Ի դեպ, ժամանցի վայրերից էլ են օգտվում` կարաոկե, ռեստորան, ակումբ, ինչքան ես մտնում եմ` լեփ-լեցուն է: Եթե ժողովուրդը գումար չունի, ինչպե՞ս է գնում այդ տեսակ տեղեր, ժամանակ անցկացնում, կամ մտնում թանկանոց սուպերմարկետներ, խանութներ: Ես ինքս օգտվում եմ «Երեւան սիթի»-ից ու «ՍԱՍ»-ից, չեմ կարող ասել, որ շատ էժան է, բայց թանկ էլ չէ, նորմալ գներ են:
-Մեկ անգամվա Ձեր գնումների համար որքա՞ն եք վճարում:
-Ես շաբաթը մեկ անգամ պետք է մտնեմ սուպերմարկետ ու ամբողջ շաբաթվա առեւտուրն անեմ, դե մի 20-25 հազար դրամ ծախսում եմ:
-Պետական աշխատավարձով մարդը քանի՞ անգամ կկարողանա մտնել սուպերմարկետ:
-Նախ սկսենք նրանից, թե այդ մարդը ինչքան աշխատավարձ է ստանում:
-Օրինակ` 80.000 դրամ, այդ գումարով հնարավոր կլինի՞ ապրել ամբողջ ամիս:
-Դե հո ընտանիք միայն 80.000 չի՞ մտնում, հնարավոր է, կինն ու երեխաներն էլ են աշխատում: Ես երգչուհի եմ, ձեզ ի՞նչ է թվում, ես մեծ գումարնե՞ր եմ աշխատում: Ո՛չ: Ես մնացածների նման ամեն համերգի չեմ մասնակցում, շատ հազվադեպ: Իմ աշխատավարձը Երգի պետական թատրոնից է, եւ ես ունեմ անհատական աշակերտներ: Ընտանիքում յուրաքանչյուր մարդ պետք է մի քիչ խնայող լինի: Եթե այդ ընտանիք միայն 80.000-ն է մտնում, ուրեմն պետք է այնպես բաշխել, որ հասցնեն ե՛ւ կոմունալ վճարներ անել, ե՛ւ ուտելիք առնել: Խոսքս անապահով ընտանիքների մասին չէ, այլ միջին խավի:
-Հայաստանում կա՞ միջին խավ:
-Առաջ, իհարկե, ավելի շատ էր միջին խավը, հիմա աղքատության եւ վերնախավի կոնտրաստը մեծ է: Ես ինձ միջին խավի ներկայացուցիչ եմ համարում, հարուստ մարդ չեմ, բայց կարողանում եմ հագնվել, ուտել եւ կոմունալ վճարումներ անել: Ամեն ինչ գալիս է մարդու ցանկությունից: Իսկ եթե 80.000 ես ստանում, ուրեմն պետք է երկրորդ կամ երրորդ աշխատանք գտնել, որ կարողանաս ընտանիք պահել: Իսկ ես գիտեմ, որ շատ-շատ ընտանիքներում տղամարդիկ ընդհանրապես չեն ուզում աշխատել, ամբողջ հույսը դրել են կնոջ վրա: Ցավալի է, բայց այսօրվա հիմնական աշխատող ուժը կինն է, ոչ տղամարդը: Տարիներ առաջ տղամարդն աշխատում էր, կինը` զբաղվում տան գործերով ու երեխաների դաստիարակությամբ: Այսօր կանայք են ընկել 2-3 տեղ աշխատում, որ կարողանան ընտանիքը պահել, դա է աբսուրդը: Բայց չէ՞ որ հենց տղամարդը պետք է մտածի դրա մասին: Այսօր ընտանիքում կինը ե՛ւ կին է, ե՛ւ տղամարդ, ե՛ւ…
21-րդ դարի կինը հոգսաշատ է: Տեսնում ենք` մեր շուրջն ինչ է կատարվում: Մի հատ մտե՛ք որեւէ տոնավաճառ, մեծամասամբ կանայք են աշխատող ուժը: Ես կարող եմ ասել, որ իմ ամուսինը, ում ես կորցրել եմ 2 տարի առաջ, ազատել էր ինձ շատ հոգսերից: Ես սովոր եմ եղել, որ տղամարդը պետք է ընտանիքը պահի: Այսօր տղամարդը պետք է շատ լուրջ մտածի իր ընտանիքի մասին, չպետք է նստի բազմոցի վրա, օր ու գիշեր հեռուստացույց նայի, կինն էլ առավոտվա 6-7-ից գնա ու երեկոյան 9-ին գա, որ երկու կոպեկ փող բերի: Ես դա չեմ ընդունում:
-Բազմոցին նստած այդ տղամարդիկ պատճառաբանում են, որ գործ չկա:
-Վա՜յ, էդպիսի բան մի՛ ասեք, էլի՛: Եթե մարդ ցավում է իր ընտանիքի համար, ցանկություն ունի աշխատելու, ապա աշխատանք կգտնվի: Թող գնա պահակ աշխատի կամ ուրիշ մի բան: Երեւի տղամարդկանց այս պահվածքը գալիս է նաեւ կանանցից: Երբ ամուսինն ասում է` գնացի այստեղ-այնտեղ, աշխատանք չկա, կինը բավարարվում է այդ մի նախադասությամբ ու արդեն ինքն է սկսում աշխատանք փնտրել: Կանայք են վատ սովորեցրել: Ի սկզբանե դրվածքը պետք է ուրիշ կերպ դնել` դու տան տղամարդն ես, գլուխն ես, գնա՛, որտեղ ուզում ես` գտի՛ աշխատանք: Բա տղամարդ անունն ինչի՞ համար է կրում այդ դեպքում:
-Ըստ Ձեզ` որքա՞ն գումար է հարկավոր միջին հայ ընտանիքին նորմալ ապրելու համար:
-Դե մի հազար դոլար: Չեմ կարող ասել, որ շիկ կապրեն, բայց նորմալ կապրեն: Հետո հայ կինը պետք Է խնայել իմանա, ոչ թե ամբողջ օրն ընկնի խանութներն իրեն շոր առնի:
Շատ եմ ուզում, որ մեր տնտեսական վիճակը լավանա: Մարդ պետք է հույսով լինի, եթե հույսն էլ կորցնի, ապրելն անիմաստ է: Բոլորն էլ դժվարություններ ունենում են, պետք է կամքի ուժ ունենալ եւ համբերություն` դրանք հաղթահարելու համար: Հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի:
«ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳՈՐԾԸ ԿԻՆՆ Է ԱՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ